Ինչի՞ համար  լրացուցիչ 77 միլիոն դրամ հատկացվեց Պետական պահպանության ծառայությանը

Կառավարությունը փոփոխություն է կատարել 2019 թվականի պետական բյուջում, որպեսզի լրացուցիչ գումար հատկացնի Պետական պահպանության ծառայությանը։

Հետաքրքիր է, որ այս փոփոխությունը կատարվել է տարեվերջում՝ դեկտեմբերի 19-ին, և որոշում է կայացվել Պետական պահպանության ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար Կառավարության պահուստային ֆոնդից ծառայությանը հատկացնել լրացուցիչ 37,938 հազար դրամ։

Այս գումարը տրվել է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների նորոգման, սպասարկման, շահա­գործման և պահպանման համար։

Կառավարությունը պահուստային ֆոնդից լրացուցիչ գումար է հատկացրել նաև Պետական պահպանության ծառայության զինծառայողների՝ 2019 թվականի արտասահմանյան գործուղումների համար, քանի որ դրանց քանակն ավելացվել է։

Այդ նպատակով էլ  հատկացվել է լրացուցիչ 40 մլն դրամ։

Ընդհանուր առմամբ՝ Պետական պահպանության ծառայությանը Կառավարությունը հատկացրել է լրացուցիչ 77 միլիոն 38 հազար դրամ։

Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որի կազմում է գտնվում պետական պահպանության ծառայությունը,  2019 թ. պետական բյուջեից հատկացվել էր  22 մլրդ 580 մլն դրամ:

2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը նշել էր, որ 2019 թվականի ծախսերի նախահաշիվը կազմում է մոտ 22 մլրդ 580 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ՝ ավելի է 2 մլրդ 207 մլն դրամով, և որևէ խոսք չէր ասվել հավելյալ միջոցների անհրաժեշտության մասին:

Հակոբյանը նշել էր, որ 2019 թվականի համար նախատեսվածը, որ հիմնականում պարգևատրումների ու խրախուսումների համար է, կազմում է բյուջեի մոտ 9.7%-ը:

«Դրամական միջոցներից ընթացիկ ծախսերին կհատկացվի 22 մլրդ 272 մլն, կապիտալ ծախսերին՝ 307 մլն դրամ»,- ասել էր Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս