Պետք է գործն իր բոլոր մետաստազներով բացահայտել. Փաշինյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտման մասին
Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Քննչական կոմիտեի տարածած այն հաղորդագրությանը, ըստ որի՝ բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման սխեմա, և այդ գործով կան ձերբակալվածներ։
«Հաշվի առնելով բազմաթիվ ահազանգերն ու նամակներ՝ այս տարվա օգոստոսի 16-ին Կառավարությունում անցկացրեցինք քննարկում, տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ԱԱԾ-ին և ոստիկանությանը։ Այդ ժամանակ մարդկայնորեն չէի հավատում, որ այս թեմայով կլինեն բացահայտումներ, բայց փաստը մնում է փաստ, որ ունենք ձերբակալվածներ»,- ասաց վարչապետը։
Դիմելով Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ վարչապետը հետաքրքրվեց, թե ի՞նչ մանրամասներ կարող է հայտնել վերջինս այս գործով։
«Երկու շաբաթ առաջ այս գործով ձերբակալվել էր մեկ անձ, հիմա ձերբակալվել է 4 անձ։ Ապացույցների համակցությունն այս պահին բավարար է նրանց մեղադրանք առաջադրելու համար։ Այս պահի դրությամբ ունենք ապացույցների բավարար համակցություն։ Գործով կատարվել են մի շարք խուզարկություններ ԱԱԾ-ի և ոստիկանության հետ համատեղ. խուզարկությունների արդյունքում՝ սկսած այդ անձանց պաշտոնավարման օրվանից՝ 2002 թվականից, բոլոր փաստաթղթերն առգրավվել են, կատարվելու է ուսումնասիրություն, ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց։ Մոտ օրերս այդ անձանց կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»,- ասաց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը։
Ն. Փաշինյանը նշեց, որ հարցը կայանում է նաև նրանում, որ պետք է բացահայտել այն մեխանիզմը, որը երկար տարիներ գործել է ՀՀ-ում։
«Պետք է գործն իր բոլոր մետաստազներով բացահայտել։ Շատ դեպքերում ահազանգերը, երբ մենք ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ պոռթկումների տպավորություն էին թողնում, իսկ հիմա, երբ հետ ենք նայում, գուցե մեր էմոցիաներն ու գնահատականները ճիշտ չեն եղել»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այդ ամոթալի էջը պետք է փակվի՝ իր բոլոր իրավական հետևանքներով։
Մանրամասները՝ տեսանյութում։