«Պետական միջոցները քաբաբների վրա ծախսածները ներկայանում են քաղհալածյալ. քաբաբ առ քաբաբ վերադարձնելու ենք». Փաշինյան

Կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստում գործադիրը փոփոխություն կատարեց Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և չորս գիշերօթիկ հաստատությունում խնամվող 6-18 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների 260 երեխաների ընդգրկեց ՀՀ պետական բյուջեի «12002 Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառմամբ իրականացվող ծրագրում:

Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու միջոցառումներն իրականացվել են մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Առավոտ» հասարակական կազմակերպության միջոցով, որի արդյունքում ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում 120 երեխաների թիվը կհասցվի 260-ի:

Նշված 260 երեխայի ընտանիքներին առաջարկվում է հատկացնել բնաիրային օգնության փաթեթ՝ բաղկացած էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարներից, շահառու երեխաներին տրամադրվող հագուստից, կոշիկից և սննդի զամբյուղից:

Սննդի զամբյուղը պարունակում է բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, կարտոֆիլ, միս, ալյուր:
Նշենք, որ այս 260 երեխաները եղել են «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սաներ։

Նախագծի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը նշեց, որ, թեև ՀՀ-ում կան ուժեր, որոնք կառավարության այս քայլերը ներկայացնում են որպես քայլ՝ ուղղված ընտանեկան արժեքների դեմ, ուստի կարիք է առաջանում անել հետևյալ համեմատությունը։

«Երեխաներին ընտանիքներ վերադարձնելու քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ ապօրինի որդեգրելու մեխանիզմը ՀՀ-ում գոյություն է ունեցել այն իշխանության տարիներին, որոնք ազգային արժեքների դրոշը բռնած՝ գիտենք՝ ինչ են արել։ 2003 թվականից ՀՀ-ի պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաները, ազգային կառավարությունները և նրանց հարակից կառավարությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել, մարդիկ են եղել, որոնք այդ ժամանակ եղել են նախարար, բնակարանաշինություն է տեղի ունեցել։ Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին։ Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք, ու նրանք հայտնվեն բանտում՝ պարզվելու է, որ նրանք քաղաքական բանտարկյալներ են, չէ՞, հանուն ազգի քաղաքական հալածյալ են, հանուն ազգի պետական միջոցները քաբաբների վրա ծախսածները հիմա հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ։ Հիմա, որ ասեմ՝ քաբաբ առ քաբաբ բացահայտելու ենք, ասելու են՝ ատելության խոսք է»,- ասաց վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս