Կառավարությունը 4 մլն դրամ կհատկացնի 9 ընտանիքի
Կառավարությունը պետական բյուջեից 4 մլն 320.000 դրամ կհատկացնի 9 ընտանիքի։ Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։
Ըստ Կառավարության ներկայացրած նախագծի՝ առաջարկվում է սահմանել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման և առաջընթացի գործում:
Նշենք, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների (ընտանիքների) թիվն ինն է, և նրանց տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4.320.0 հազար դրամ։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայում ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 3 և ավելի երեխա: Եթե 1990թ. ՀՀ-ում 3-րդ և հաջորդ երեխաների թիվը ընդհանուր երեխաների կարգաթվում եղել է 32 տոկոս, ապա ներկայում այդ ցուցանիշը 22 տոկոս է:
2017թ. տվյալներով՝ ՀՀ-ում ծնված 6-րդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է 140 երեխա, որը տվյալ տարվա ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է: Ժողովրդագրական նոր քաղաքականության առանձնահատկություններից է այն, որ ՀՀ կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման կարևոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը և երեխաների ընդհանուր կարգաթվում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն ուղղված քաղաքականությունը: