Բաժիններ՝

Ինչո՞ւ հենց այսօր իր պաշտոնին հրաժեշտ տվեց Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը

Երևանի քաղաքապետարանի հայտարարած կենցաղային թափոնների կոնտեյներների (մեծ պլաստիկ աղբամանների) մրցույթի առաջին խմբաքանակի մատակարարման համար մասնակցել և հաղթող է ճանաչվել քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի՝ Արարատ Խաչիկյանի քրոջ որդուն պատկանող կազմակերպությունը։

Ինչպես ծանոթանում ենք հրապարակված փաստաթղթերից, «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ի` ի դեմս Աշոտ Կամոյի Թիրաբյանի, հետ կնքվել է պայմանագիր շուրջ 180 միլիոն դրամ արժեքով։ Հատկանշական է, որ այդ կազմակերպությունը գրանցվել է այս տարվա փետրվար ամսին. կանոնադրական կապիտալը կազմում է ընդամենը 50.000 դրամ։

Կազմակերպության միանձնյա սեփականատեր Աշոտ Կամոյի Թիրաբյանը, ըստ 168.am-ի տեղեկությունների՝ հանդիսանում է Արարատ Խաչիկյանի հարազատ քրոջ որդին, գրանցված է Իջևան քաղաքում և ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Արարատ Խաչիկյանի կենսագրությունից ևս ծանոթանում ենք, որ վերջինս հաճախել է Իջևանի դպրոց և վերջերս է վերադարձել Ռուսաստանից՝ նշանակվելով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ։

Այն, որ այս կազմակերպությունը ստեղծվել է հապճեպ, և, թերևս, այս մրցույթին մասնակցելու համար, վկայում է նաև այն հանգամանքը, որ այս տարվա հունիսին համացանցում տեղադրվել է հայտարարություն, որ կազմակերպությունը փնտրում է լոգոտիպ մշակող մասնագետի:

Հատկանշական է, որ Խաչիկյանը հանդիսացել է այդ գնման գնահատող հանձնաժողովի նախագահը, ում քրոջ որդու նորաստեղծ կազմակերպությունը հաղթել է մրցույթում։

Ազգակցական կապը խնդիր չէր առաջացնի, եթե այդ կազմակերպությունն ունենար կենսագրություն, մշտապես զբաղվեր նման ծառայություններ մատուցելով ու այժմ նույնպես մասնակցեր ու հաղթեր այդ մրցույթում, բայց երբ այն ստեղծվում է մրցույթից կարճ ժամանակ առաջ, սա, իհարկե, խնդրահարույց հանգամանք է:

Արարատ Խաչիկյանից ճշտել իր մերձավոր ազգակցական կապը նշված կազմակերպության ղեկավարի հետ՝ չհաջողվեց: Փորձեցինք այդ մասին տեղեկատվություն ստանալ Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանից:

Վերջինս ասաց, որ գաղափար չունի, թե ինչի մասին է խոսքը, սակայն կխոսի կոմունալ վարչության պետի հետ ու մեզ կտեղեկացնի, թե արդյո՞ք ճիշտ է մեր այն տեղեկությունը, որ բազմամիլիոնանոց պայմանագիրը կնքվել է կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանի քրոջ որդու հետ:

Ս․թ․ սեպտեմբերի 25-ին բացվել են աղբամանների մեկ այլ խմբաքանակի գնման մրցույթի հայտերը, և կրկին հայտատուներից մեկը եղել է «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ն։ Այս կազմակերպությունը առաջարկված գնառաջարկների մեջ չի եղել առաջինը՝ մեկ միլիոն դրամով զիջելով «Գավառտրանս» ՍՊԸ-ին, որն առաջարկել է  գնվող 2000 աղբամանները մատակարարել 176 միլիոն դրամով, սակայն մրցույթը գնահատող հանձնաժողովը՝ Արարատ Խաչիկյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել նրա քրոջ որդու կազմակերպությանը՝ պատճառաբանելով «Գավառտրանս» ՍՊԸ-ի հայտի անհամապատասխանությամբ։ Վերջինս բողոքարկել է հանձնաժողովի որոշումը գնումների բողոքարկման խորհրդում, որի վերաբերյալ քննության նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։

Այսինքն՝ փաստացի ունենք մի իրավիճակ, երբ հայտ են ներկայացնում 3  կազմակերպություններ, «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ն չի ներկայացնում ավելի հարմար գնային առաջարկ, մյուս կազմակերպությունը մրցույթից դուրս է մնում, և մրցույթը գնահատող հանձնաժողովը՝ Արարատ Խաչիկյանի նախագահությամբ, որոշում է հաղթող ճանաչել նրա քրոջ որդու կազմակերպությանը:

Տեղեկացնենք, որ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հանձնաժողովի անդամները և նախագահը գրավոր հայտարարում են, որ մասնակից կազմակերպության սեփականատերերի հետ չունեն մերձավոր ազգակցություն, ինչը Արարատ Խաչիկյանի կողմից ստորագրվել է այս մրցույթի դեպքում։

Մինչ նյութը պատրաստում էինք հրապարակման, Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը, իր  խոստման համաձայն՝ կապ հաստատեց մեզ հետ և ասաց, որ ի պաշտոնե առհասարակ ազգակցական կապերի վերաբերյալ տեղեկատվություն հայտնելու իրավասություն չունի և ըստ էության այդ կապը չի հաստատում, բայց նաև չի կարող հերքել:

«Բայց պետք է տեղեկացնեմ, որ Արարատ Խաչիկյանն այսօր առավոտյան վարչության պետի պաշտոնը լքելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքապետ Հայկ Մարությանին, որը ընդունվել է»,- հավելեց Հակոբ Կարապետյանը:

Հարցին, թե արդյո՞ք նրա հրաժարականը մեր հարցման հետ կապ ունի, քաղաքապետի խոսնակը հերքեց՝ ասելով, որ տեղյակ չէ, թե ինչի հետ է կապված նրա հրաժարականը:

«Ամեն դեպքում, այս պահին Արարատ Խաչիկյանն այլևս կոմունալ վարչության պետը չէ»,- եզրափակեց Հակոբ Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս