ՀՔԾ խոսնակը՝ Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին

Անցած շաբաթ ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, ըստ ՀՔԾ հաղորդագրության, ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության  ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Հարցաքննությունից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Երրորդ նախագահին հարցաքննության են հրավիրել որպես վկա, սակայն հարցաքննության ներկայանալուց հետո քննիչն ասել է, որ հարցաքննությունը լինելու է կասկածանքի շուրջ, այսինքն՝ արդեն ոչ թե վկայի կարգավիճակում պետք է հարցաքննվեր Երրորդ նախագահը, այլ կասկածյալի, և չնայած իրենց առարկություններին՝ հարցաքննությունը հենց նույն կարգավիճակով էլ շարունակվել է:

«Հարցաքննության ավարտից հետո կատարվեց այս գործով առերես հարցաքննություն այս գործով անցնող, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի հետ: Առերեսումն ավարտվեց 16:10-ին: Անձը դուրս եկավ, մեզ խնդրեցին սպասել: 16:12-ին քննիչը սեղանից շրջեց փաստաթղթեր, որոնք վերնագրված էին՝ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ 6 թերթից կազմված որոշումը քննիչը երկու րոպեում միայն կախարդանքի պայմաններում կարող էր առանց սենյակից դուրս գալու կազմել, տպել ու ներկայացնել իրենց:

168.am-ը ՀՔԾ-ից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող են մեկնաբանել այն հանգամանքը, որ անձին հրավիրում են հարցաքննության վկայի կարգավիճակով, հարցաքննում կասկածանքի շրջանակներում, ապա հարցաքննությունն ավարտվելուց 2 րոպե անց նրան մեղադրանք է առաջադրվում նախապես կազմած 6 էջանոց տեքստով, ինչպես պնդում է պաշտպանը:

«Քննիչի կողմից բոլոր քննչական և դատավարական գործողությունները կատարվել են ՀՀ քրեադատավարական նորմերի խստիվ պահպանմամբ»,- ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ մնացածը փաստաբանի յուրովի մեկնաբանությունն է:

Վերջինս նշեց նաև, որ, եթե պաշտպանական կողմն անհամաձայնություն ունի վարույթն իրականացնող մարմնի գործողությունների առնչությամբ, ապա նրանք իրավունք ունեն դա բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

ՀՔԾ խոսնակը նաև հավելեց, որ ցանկացած փաստաբան կարող է օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել իր պաշտպանյալի շահերը:

Տեսանյութեր

Լրահոս