«Սերժ Սարգսյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում». Ռոբերտ Հայրապետյան
«Ալեն Սիմոնյանն առաջին անգամ չէ, որ հանրային արտահայտում է մտքեր, որոնք, իրավական տեսանկյունից, եթե մի քիչ խորանաս, կարող են բացասական հետևանքներ առաջացնել հենց Ալեն Սիմոնյանի համար»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ընտրողներն իրենց տվել են 71 տոկոս ձայն և ասել են՝ գնացեք ու ամեն ինչ փոխեք։
Հարցին՝ նման դեպքերում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հանգիստ նստեք տեղներդ, ինչո՞ւ հանգիստ չի նստում իր տեղը և շարունակ քննադատում է իշխանություններին, Ռոբերտ Հայրապետյանն այսպես պատասխանեց. «Բավականաչափ հանգիստ նստել ենք տեղներս, որովհետև շարունակաբար լռությունը գործող իշխանություններն ավելի շատ դիտարկում են իրենց կատարած գործողությունների բացարձակ ճշմարտացիության տիրույթում: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ուրախ լինի, որ ունի այսօրվա ընդդիմախոսների բանակը: Մեր նախորդ իշխանություններից ցանկացածը, եթե ունենար այսպիսի կառուցողական, գրագետ և փաստարկված ընդդիմություն, առավել քան կհաջողեր»:
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ իրավաբանն ասաց, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է, քանի որ չեն հնչել մի շարք հարցերի պատասխաններ. «ՀՔԾ-ն բազմաթիվ հարցերի պարզաբանում պարտավոր է ներկայացնել: Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրավասություն ունե՞ր ցուցում տալու կառավարության անդամին»:
Հետաքրքրվեցինք՝ ինքն է՞լ է այն կարծիքին, թե Սերժ Սարգսյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում: «Քաղաքական հետապնդում կամ քաղբանտարկյալ տերմիններն ավելի շատ իրավաքաղաքական են, և միջազգային բնորոշման տեսանկյունից՝ այո, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում