Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Ֆինանսների նախարարության 2019-23 թվականների ռազմավարությունը
Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում գործադիրն ընդունեց Ֆինանսների նախարարության 2019-23 թվականների գործողությունների ծրագիրը, որը ներկայացրեց նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Ըստ նախարարի՝ այս ռազմավարությամբ ներկայացվում է պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների իրենց տեսլականը, և որպես հիմնական խնդիր՝ դրված է հանրային բարիքի արդար բաշխումը։
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս ռազմավարությունը հիմնված է կառավարության ծրագրի վրա։
«Վարկային և դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ կառավարում։ Սա խրոնիկ խնդիր է եղել, և, ըստ էության, շարունակում է որպես խնդիր մնալ։ Պետական պարտքի արդյունավետ կառավարման համակարգերի զարգացում ու բարելավում։ Պետական պարտքը բավական զգայուն թեմա է, և մշտապես մենք ամեն ինչ արել ենք, որ գործընթացը թափանցիկ լինի։ Ստվերային տնտեսության կրճատման ու մրցակցային բիզնես միջավայր ձևավորելու նպատակով հարկային վարչարարության բարելավում ու արդիականացում»,- ռազմավարության կետերը ներկայացրեց Ջանջուղազյանը։
Վերջինիս խոսքով՝ կառավարությունը ենթադրում է, որ փողի դիմաց արժեք ստանալու սկզբունքի իրականացման ձգտումը միայն մեր երկրին բնորոշ չէ, և հետևաբար՝ ծախսերի նպատակային արդյունավետության բարձրացումը ևս դրված է այս ռազմավարության մեջ։
«Շատ հաճախ խզում է լինում հայտարարված ռազմավարական նպատակների և իրականացվող ծախսերի միջև։ Այստեղ ներկայացված են այն միջոցառումները, որոնց շնորհիվ ակնկալում ենք, որ այդ խզումը նվազագույնի կհասցվի կամ կդադարի գոյություն ունենալ»,- ասաց պաշտոնյան։
Մանրամասները՝ տեսանյութում