Երկու գողություններն էլ նույն մարդու ձեռքի գործն էին. ոստիկանության բացահայտումը
Նոյեմբերի 22-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում մեքենաներից կատարված գողության երկու դեպք գրանցվեց: Առաջին ահազանգը օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց ժամը 12.30-ի սահմաններում. հայտնում էին, որ օրը ցերեկով կոտրել են Մարգարյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի ապակին, սրահից գողացել պայուսակ, որի մեջ եղել էր փող, անձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում քիչ անց տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Միրաքյան փողոցի 30-ամյա մի բնակիչ: Ժամը 16-ի սահմաներում նշված հասցեից նա բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
Գողոնը հայտնաբերվեց:
Դեպքի առթիվ նյութեր էին նախապատրսատվում, երբ նույն օրը բաժնում գաղտնի հափշտակության վերաբերյալ մեկ այլ հաղորդում ստացվեց: Ժամեր առաջ կոտրել էին Սեբաստիա փողոցում կայանված «Պեժո» մակնիշի մեքենայի ապակին և սրահից դարձյալ պայուսակ հափշտակել, որի մեջ փող էր եղել:
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ երկու գողություններն էլ նույն մարդու ձեռքի գործն են:
Կասկածվողը մինչ բերման ենթարկվելը հասցրել էր նաև Սեբաստիա փողոցում կայանված մեքենայից գողություն անել:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: