ԱԱԾ-ն ուզում է առգրավել փաստաբանների համակարգիչները. տեղում են ՄԻՊ ներկայացուցիչները, Փաստաբանների պալատի նախագահը
Առավոտյան փաստաբան Շուշան Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր.
«Այս պահին քննիչը ցանկանում է առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հանդես է եկել՝ որպես վկաների ներկայացուցիչ: Համակարգիչը պարունակում է փաստաբանական գաղտնիք, որն անձեռնմխելի է օրենքով: Սա բացահայտ ոտնձգություն է փաստաբանի գործունեությանը»:
168.am–ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Չամսարյանն ասաց, որ խնդիրն այն է, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի ներկայացուցիչները ներկայացել են իրենց փաստաբանական գրասենյակ ու դատարանի որոշմամբ ցանկանում են առգրավել իրենց համակարգիչները:
«Երկու համակարգիչներ են, երկուսն էլ պատկանում են տարբեր փաստաբանների՝ մեկը՝ ինձ, մյուսը՝ Շուշանիկ Թադևոսյանին: Այդ համակարգիչներն իրենց մեջ առավելապես պարունակում են փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ»,- ասաց Հովհաննես Չամսարյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործին:
Ի դեպ, քիչ առաջ ՄԻՊ-ն էլ է տարածել հաղորդագրություն այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է փաստաբանական այն գրասենյակ, որտեղ գտնվում է քննիչը՝ քրեական գործի շրջանակում փաստաբանի համակարգիչը առգրավելու նպատակով:
Փաստաբան Հովհաննես Չամսարյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները տեղում են, այդտեղ են նաև իր ներկայացուցիչը՝ փաստաբան Արամազդ Կիվիրյանը, փաստաբանների պալատի ներկայացուցիչները և Պալատի նախագահը:
«Այս պահին համակարգիչները դեռևս առգրավված չեն, մենք դեռևս թույլ չենք տալիս»,- նշեց Հովհաննես Չամսարյանը՝ խոստանալով, որ զարգացումների մասին կտրամադրեն հավելյալ տեղեկատվություն:
Գոհար Սավզյան