Նոր Հաճնում մարզահրապարակի բացմամբ Կոնվերս Բանկը ավարտել է առողջ ապրելակերպի խրախուսման մասշտաբային ծրագիրը 

Նոյեմբերի 8-ին Նոր Հաճնում կայացել է Կոնվերս Բանկի ֆինանսավորմամբ կառուցված պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը, որին ներկա էին հյուրեր տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կոնվերս Բանկի և StreetWorkOut հայաստանյան ֆեդերացիայից ներկայացուցիչներ, Նոր Հաճնի բնակիչներ:

Հայաստանում և Արցախում պրոֆեսիոնալ մարզահրապարակների շինարարության նախագիծը մեկնարկել էր նախորդ տարի՝ Կոնվերս Բանկի հիմնադրման 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Արդյունքում, մարզահրապարակներ են կառուցվել Բանկի գործընկեր 5 համայնքում՝ Երևանում, Շուշիում, Գյումրիում, Մեծամորում և Նոր Հաճնում: Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 24 մլն դրամ է:

«Նոր Հաճնում պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացմամբ մենք ավարտում ենք առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված նախագիծը: Դրա իրականացմամբ ՀՀ և Արցախի 5 համայնքի բնակիչներ ստացան  առողջ ապրելակերպ վարելու, սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ: Մարզահրապարակները կառուցված են միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան: Նախատեսված լինելով  ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ սկսնակների համար, դրանք կարճ ժամանակահատվածում դարձել են համայնքների բնակիչների առօրյայի անբաժանելի մասը»,- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանը:

Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը ողջունելով միջացառման մասնակիցներին, կարևորել է մասնավոր հատվածի դերը համայնքների զարգացման հարցում:

«Սա առաջին պրոֆեսիոնալ մարզահրապարակն է  Կոտայքի մարզում: Նման նախագծերի իրականացումը գործընկեր համայնքների նկատմամբ տնտեսվարողների  պատասխանատու վերաբերմունքի լավագույն դրսևորումներից, ինչպես նաև համայնքներում առողջ ապրելակերպի խրախուսման լավագույն եղանակներից է»,- ասել է նա:

«Պրոֆեսիոնալ մարզահրապարակները աշխարհում համարվում են առողջ ապրելակերպի խրախուսման լավագույն եղանակներից մեկը: Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկին Հայաստանում այս նոր մշակույթի ներդրմանն աջակցելու համար: Վստահ ենք, որ Նոր Հաճնում , ինչպես և մյուս չորս բնակավայրում, այս մարզահրապարակները կդառնան  երիտասարդի սերնդի ժամանցի նախընտրելի վայրերից մեկը»,- նշել է StreetWorkOut հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը:

Մարզահրապարակի բացման արարողությունը ավարտվել է Հայաստանի StreetWorkOut-ի հավաքականի ցուցադրական ելույթով:

Տեսանյութեր

Լրահոս