
«Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը». Նկարիչների միության նախկին նախագահը՝ 50 մլն դրամ հափշտակության մասին

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018թթ․ հաշվետվությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։
«Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի պատասխանատու անձանց կողմից 2017-2018թթ․ ընթացքում առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել է ՀԿ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 50.000.000 ՀՀ դրամի գույքն ու դրամական միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչնչից տեղյակ չէ:
«Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, որևէ ծանուցագիր չեմ ստացել»,- ասաց նա:
«Ոչ մի պարզաբանում չեմ կարող տալ մի թեմայի մասին, որից տեղյակ չեմ»,- եզրափակեց Կարեն Աղամյանը:
Ռազմիկ Մարտիրոսյան