«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի». տուրի կենտրոնական հանդիպումը
Այսօր «Էնֆիլդում» տեղի կունենա 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, կամ նույնիսկ Պրեմիեր լիգայի ամբողջ առաջին շրջանի ամենակարևոր խաղը: «Լիվերպուլը» կփորձի աղյուսակում պահպանել առավելությունը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։
«Լիվերպուլ»
«Լիվերպուլը» այս մրցաշրջանում ցույց է տալիս պարզապես գերազանց արդյունքներ՝ բոլոր մրցաշարերում պարտվելով միայն «Նապոլին» (0:2): Պրեմիեր լիգայում մերսիսայդցիները ռեկորդը ռեկորդի հետևից են գրանցում՝ 11 տուրում վաստակելով 31 միավոր և միայն մեկ անգամ միավորներ կորցնելով:
Ներկայիս «Լիվերպուլի» առանձնահատկությունը ուժերը ճիշտ բաշխելու ունակությունն է: Արդյունքում, «կարմիրները» հասան անգամ Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որը, ի դեպ, կանցկացվի գրեթե նույն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա աշխարհի ակումբային առաջնությունը:
Անգլիայի Պրեմիեր լիգայում տանը «կարմիրները» չեն պարտվել 45 հանդիպում։ Ընթացիկ առաջնությունում «Էնֆիլդում» Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստները հաղթեցին «Նորվիչին» (4:1), «Արսենալին» (3:1), «Նյուքասլին» (3:1), «Լեսթերին» (2:1) և «Տոտենհեմին» (2:1):
Լիվերպուլյան ակումբում վնասվածք են ստացել երեք խաղացողներ՝ ժոել Մատիպ, Ժերդան Շակիրի և Նաթանիել Կլեյն։
«Հիմա դեռ միայն 12-րդ տուրն է, ուստի ակնհայտորեն առջևում հանդիպումներ կլինեն: Մենք տեղյակ ենք անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված իրավիճակից, երբ մենք պարտվեցինք ընդամենը մեկ խաղ, որը, ի վերջո, որոշիչ դեր խաղաց:
Դեռևս շատ հանդիպումներ կան, և տարվա առավել սթրեսային ժամանակահատվածը` նոյեմբերը, դեկտեմբերը և հունվարը, դեռ չի եկել, այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր խաղերին: Մենք ներկայումս կենտրոնացած ենք այս խաղին պատրաստվելու վրա, բայց մենք շատ չենք մտածում այն մասին, թե ինչպես դա կազդի մրցաշրջանի մնացած մասի վրա:
Այս մրցաշրջանը նախորդից տարբերվում է, և մենք չգիտենք, թե ինչպես կանցնի: Մենք իրար հասցրինք իսկապես բարձր մակարդակի: Նախորդ մրցաշրջանում իսկական ճնշում կար, և ես չէի կարող նրանց ավելի հարգել, քանի որ նրանք վաստակեցին 98 միավոր, բայց հաստատ մենք դրա պատճառն էինք, որովհետև մենք նրանց շատ ճնշեցինք»,- խաղից առաջ ասել է Կլոպը:
«Մանչեսթեր Սիթի»
«Մանչեսթեր Սիթին» դեռևս խաղում է չեմպիոնական, բայց Գվարդիոլայի սաները հաճախ սկսում էին անսպասելի անհաջողություններ գրանցել: Գվարդիոլան Պրեմիեր լիգայում պարտվեց «Նորվիչին» (2:3) և «Վուլվերհոմթոնին» (0:2) սեփական դաշտում: Նաև «Մանչեսթեր Սիթին» միավորներ կորցրեց «Տոտենհեմի» հետ տնային խաղում (2:2): Արդյունքում, «քաղաքայինները» երկրորդ տեղում են՝ վեց միավորով զիջելով «Լիվերպուլին»: Իսկ «Էնֆիլդում» կրած պարտության դեպքում այդ հեռավորությունը կարող է ավելի աճել։
Լավագույն վեց թիմերից մեկի հետ մանկունյանցիները այս մրցաշրջանում առաջին անգամ կխաղան: Դրանից առաջ Գվարդիոլայի թիմը հաղթել էր «Վեսթ Հեմին» (5:0), «Էվերթոնին» (3:1), «Բորնմութին» (3:1), «Քրիստալ Փելեսին» (2:0) և պարտվել՝ «Նորվիչին» (2:3):
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանությունը չոր հանդիպումների քանակի առումով մի փոքր ավելի հուսալի է թվում, քան «Լիվերպուլինը»: Սակայն, կիրակնօրյա խաղից առաջ «քաղաքայինների» համար իրավիճակը բարդ է թվում, քանի որ Էմերիկ Լապորտը վնասվածք ունի։ Վնասվածքներ ունեն նաև Ալեքսանդր Զինչենկոն, իսկ Չեմպիոնների լիգայից հետո՝ դարպասապահ Էդերսոնը։ Նրանց ընկերակցում են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Դավիթ Սիլվան և Լերոյ Սանեն։
«Հենց հիմա «Լիվերպուլը» աշխարհի ուժեղագույն թիմն է: Մենք սպասում ենք խաղի 90 րոպեին, և մենք կհետևենք մեր ծրագրին:
Չեմպիոնոկան պայքա՞ր։ Ես չգիտեմ, բայց առջևում դեռ շատ հանդիպումներ կան, մենք ցանկանում ենք պայքարել մինչև վերջ կիրակի և բոլոր այն խաղերում, որոնք առջևում են»,- ասել է Գվարդիոլան։
Վիճակագրություն
- «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում չի պարտվել 28 խաղ անընդմեջ
- «Կարմիրները» առաջնությունում անցկացրած իրենց վերջին 20 հանդիպումներից 19-ում հաղթել են
- «Էնֆիլդում» «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում անցկացրած բոլոր 12 հանդիպումներում հաղթել է
- Անգլիայի Պրեմիեր լիգայի արտագնա խաղում անցկացրած 15 հանդիպումներից «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 13-ում
Այս ակումբների միջև անցկացվող վերջին տասը պաշտոնական հանդիպումների արդյունքներով առավելությունը «Լիվերպուլի» կողմն է:
Այս դեպքում փոքր բաները մեծ նշանակություն կունենան: «Քաղաքայիները» պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ ունեն, ուստի «կարմիրները» պետք է կարողանան կոտրել Կլաուդիո Բրավոյին: Բայց հարձակման գծում «Մանչեսթեր Սիթին» դեռ լավ է գործում: Հետևաբար, Գվարդիոլան կփորձի կենտրոնանալ իր ներկայիս թիմի ուժեղ կողմերի վրա:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 20։30-ին։
Սիրարփի Աղաբաբյան