«Ժամը 9-ից հերթ էինք կանգնել, ժամը 17:00-ին նոր մեր հերթը հասել է… իսկ տեղանքում ո՛չ զուգարան կա, ո՛չ մի բան չկա». Ավտոներկրողը՝ Գյումրիի մաքսատան մասին

Գյումրիում տնտեսական աշխուժություն է, բայց ոչ այնպիսին, ինչպիսին պատկերացնում էր Կառավարությունը, երբ որոշում էր ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխել: Մի քանի օր առաջ ավտոներկրողները նկատել են, որ տեղացիները գումար աշխատելու նոր տարբերակ են գտել:

«Մի քանի օր առաջ, երբ մենք Գյումրիում էինք, նկատեցինք, որ տեղացիները սեփական մեքենաներով, որոնք արդեն պետհամարանիշ ունեն, կանգնած էին հերթի մեջ: Մոտենում, առաջարկում էին վաճառել իրենց տեղը ու գին ասում տեղի համար»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:

Երեկ էլ Գյումրիում են եղել, և, ինչպես նշեց Զ. Իգիթյանը՝ կարծես թե այդ երևույթը վերացել էր:

«Տեղի իշխանությունները որոշ մարդկանց բռնել են, պատժել են, ու կարծես թե երևույթը վերացել է: Բայց ընդամենը  5 օր առաջ կար»:

Բացի «հերթի առևտրից», Գյումրու ավտոմաքսատանն այլ խնդիրներ էլ կան, օրինակ՝ ժամերով հերթ կանգնելը, կամ՝ տարրական պայմանների բացակայությունը:

«Եթե նոր մաքսային տերմինալը պատրաստ լիներ և 24 ժամ գործեր, շատ ավելի արագ կլիներ ամեն ինչ: Հիմա քանի որ մաքսատունը փոքր է, մեքենաների հոսքն էլ անհամեմատ շատացել է, ժամերով հերթ ենք կանգնում: Նախորդ անգամ, որ գնացել էինք, ժամը 9-ից հերթ էինք կանգնել, ժամը 17:00-ին նոր մեր հերթը հասել է: Իսկ ամենավատն այն է, որ տեղանքում ո՛չ զուգարան կա, ո՛չ մի բան չկա, այդ մարդիկ այդքան ժամանակ նստած են մեքենաների մեջ, հեչ հարմար չի»,- դժգոհում է Զոհրաբ Իգիթյանը:

Դժվար է նաև այդքան մեքենաները Գյումրի հասցնելը: Խնդիրը և՛ ճանապարհներն են, և՛ այն, որ, օրինակ, գործարարներից շատերը մեկից ավելի մեքենաներ ունեն, որոնք Գյումրի հասցնելու համար պետք է, օրինակ՝ վարորդ վարձել, կամ անվադողերը փոխել: Ավտոներկրողը վստահեցնում է՝ խնդրի լուծումը կա, միայն թե իրենց լսող չկա:

«Մենք այն ժամանակ առաջարկում էինք, ասում էինք՝ եկեք սահմանի վրա մեքենաների «վին» կոդերը ֆիքսեք, որ սեփականատերն էլ ստիպված չլինի մեքենան քշել, հասցնել Գյումրի, որովհետև կա սեփականատեր՝ մի մեքենա ունի, կա գործարար, օրինակ, 8 մեքենա ունի: Շատ դյուրին կլիներ, որ սահմանին «վին» կոդը ֆիքսեին, հետո գործարարն առանց մեքենաների, միայն փաստաթղթերը ձեռքին՝ գար մաքսատուն: Հիմա ստիպված են լինում բոլոր մեքենաները քշել, բերել Գյումրի, ընդամենը մի «վին» կոդ ֆիքսելու համար:
Հետո էլ Բագրատաշենից Գյումրի հասնելու համար պետք է անցնել Ալավերդի-Կիրովական ճանապարհահատվածով, իսկ այսօր այդ ճանապարհը՝ մոտ 40 կմ, ամբողջությամբ քանդված է, ընդհանրապես ճանապարհ չկա, ու այդ  ճանապարհով մարդիկ ստիպված են գալ Գյումրի, սա էլ է շատ վատ, որ մի հատ էլ ձյուն գա, ավելի վատ կլինի: Բացի նրանից, որ կան մեքենաներ, որ նորմալ անիվներ չունեն, ճանապարհ էլ չկա, որ գնան, հասնեն Գյումրի»,- ասում է Զոհրաբ Իգիթյանը:

Այս շրջանում Գյումրու հին մաքսատունը, քանի որ նորը դեռ կառուցված չէ, օրական 450 մեքենա է սպասարկում, սակայն հունվարից, երբ ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակներում երրորդ երկրից ներկրվող մեքենաների մաքսատուրքը բարձրանա, մեքենաների հոսքը մեր երկիր անհամեմատ նվազելու է: Ստացվում է, որ նոր կառուցվող մաքսատունը նպատակին չի՞ ծառայելու:

«Ես չեմ կարծում, որ այդ մի մեքենան, որ հասնում է Գյումրի, և այդ մարդը, որը մեկ օր մնում է այնտեղ, դրանով զարգացնում է Գյումրին, սա ավելորդ հոգս է սեփականատերերի համար: Իմ կարծիքով՝ պետք չէր այդ քանդուքարափ ճանապարհներով մարդկանց ուղարկել Գյումրի, հատկապես, որ նոր մաքսակետը պատրաստ չէ: Նոր մաքսակետը, իհարկե, կաշխատի, բայց ոչ այժմյան ծանրաբեռնվածությամբ»:

Զոհրաբ Իգիթյանն ասում է՝ Երևանի ավտոմաքսատունը հիմա գործում է միայն այն մեքենաների համար, որոնք փակ բեռնախցիկներով են մտնում Հայաստան: Ըստ ավտոներկրողի՝ լավ կլիներ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում ավտոմաքսատուն լիներ, թեկուզ փոքր, այդ կերպ հերթերը կպակասեին, ներկրողներն էլ տեղափոխման խնդիր չէին ունենա:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս