Արմեն Սարգսյանն այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 8-ին այցելել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպել դասախոսների և ուսանողների հետ:
Նախագահ Սարգսյանը զրուցել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև փոխանցել մարզի սահմանամերձ համայքներ այցելությունից իր տպավորությունները:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա նաև իր խորհուրդներն է փոխանցել երիտասարդներին՝ հորդորելով կրթության համար նախատեսված իրենց ժամանակն արդյունավետ օգտագործել: «Կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի բազմակողմանի կրթված: Եթե դուք սովորում եք մաթեմատիկա և որոշեք, որ միայն դա եք սովորելու, լինեք սահմանափակ անձնավորություն, չեք կատարի այն, ինչ մենք՝ որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես պետություն ձեզանից սպասում ենք: Մենք սպասում ենք, որ դուք նախ և առաջ լինեք բազմակողմանի զարգացած և ազնիվ, բարոյական մարդ,-նշել է նախագահը: -Շատ էական է, որ լինեք հայրենասեր, ունենաք պրոֆեսիոնալ բարձր որակներ, որ լավ կրթություն ստանաք: Ձեր կյանքի ամենաթանկ բաներից մեկը ժամանակն է: Ափսոս կլինի, որ գաք համալսարան ու չսովորեք, այդ դեպքում դուք ինքներդ ձեզ կխաբեք: Այդ ժամանակը հետ չի գալու»:
Նախագահը նշել է, որ տպավորված է մարզի սահմանամերձ համյանքներ իր այցով և իրենց հողին ամուր կանգնած ստեղծագործ, հոգով ամուր ու աշխատասեր մարդկանցով:
«Հայաստանը միայն Երևանը չէ: Շատ էական է, որպեսզի ինքներդ էլ գիտակցեք, որ կարելի է ապրել մեծ քաղաքից դուրս, բայց ապրել ժամանակակից կյանքով: Կարելի է զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, ստեղծել մրցունակ արտադրանք և ունենալ հոյակապ կյանք՝ այս հոյակապ վայրում,- ընդգծել է նախագահը:- Մեր նպատակը պետք է լինի թե՛ գյուղում, թե՛ քաղաքում կյանքի որակը նույնը դարձնելը: Որպեսզի այն, ինչ հնարավոր է ստանալ Երևանում, հնարավոր լինի ստանալ նաև այստեղ»:
Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը դիտել են նաև համալսարանի սաների ստեղծագործական աշխատանքների ցուցադրությունը: