ՀՀ-ն պատրաստ է և ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները ՎԶԵԲ տարեկան ժողովը ընդունելու համար. Տ.Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղարին
Նոյեմբերի 8-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Էնցո Քվատրոչիոկեի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Փոխվարչապետի աշխատակազմը:
ՎԶԵԲ գլխավոր քարտուղարը նշել է, որ երկօրյա այցի հիմնական նպատակն է գնահատել Երևանի՝ 2021 թ.-ին ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու հնարավորությունները:
Հայաստանի կողմից միջոցառումը հյուրընկալելու մտադրության մասին փոխվարչապետը հայտնել էր դեռևս այս տարվա մայիսին՝ Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո աշխատանքային այցի շրջանակներում ՎԶԵԲ նախագահի հետ տեղի ունեցած զրույցի, ինչպես նաև փոխնախագահների և այլ ղեկավար անձնակազմի հետ հանդիպումների ընթացքում։
ՎԶԵԲ տարեկան ժողովները մի հարկի տակ են հավաքում երկրների պատվիրակությունների, հյուրերի և գործարար համայնքի ներկայացուցիչների՝ քննարկելու կառույցի ինստիտուցիոնալ հարցեր: Տեղի է ունենում նաև գործարար համաժողով և հյուրընկալող երկրին վերաբերող ներդրումային հատուկ նիստ։
Տիգրան Ավինյանը նշել է, որ հաջողությամբ անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ.-ին և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ.-ին ակնհայտորեն ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստ է և ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները ՎԶԵԲ տարեկան ժողովը ամենաբարձր մակարդակով ընդունելու համար: