ԱԺ-ում քննարկվում է «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նախագծի աշխատանքային տարբերակը
Ազգային ժողովում քննարկվում է տեղեկատվության ազատության ոլորտում՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» աշխատանքային նախագիծը, որին ներկա են բնապահպանության և իրավական ոլորտների ներկայացուցիչներ:
Ներկայացնելով նախագիծը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը նշեց, որ նախագիծը դեռևս պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել: «Կարծում եմ՝ օրենքի այս նախագիծը հանրության շրջանում էկոլոգիական տեղեկատվության մասին իրազեկվածության բարձրացման խրախուսմանն է ուղղված, հետևաբար՝ այն պետք է անցնի հանրային իրազեկվածության և խորհրդատվության շատ լայն փուլ: Բոլորի առաջարկները պետք է լսենք ու քննարկենք, քանի որ այս նախագծի վերջնական շահառուն հենց հանրությունն է»,- նշեց պատգամավորը:
Մերի Գալստյանի խոսքով՝ կարևոր է այս նախագծի կայացումը, մասնավորապես՝ կիրարկումը:
Ըստ նրա՝ կարևոր է, որ նախագծի հիմքում ընկած են Օրհուսի Կոնվենցիայի հիմվադրույթները և այս նախագծի մշակումը ներառված է ԵՄ-ՀՀ համաձայնագրի ճանապարհին քարտեզում:
Հիշեցնենք, որ նախագծի հետ կապված «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս նախագիծը մշակվել է ԱԺ պատգամավորի կողմից՝ առանց քաղաքացիական մասնագիտացած կառույցների հետ խորհրդակցելու՝ մինչ նախագիծը պատրաստելը։
«Վերնագրից սկսած՝ այս նախագիծը խնդրահարույց է։ Նախագիծը հակասում է ՏԱ գործող օրենսդրությանը և Օրհուսի Կոնվենցիային»,- գրել էր նա:
Զվարթ Խաչատրյան