Boeing-ը բացատրել է պարաշյուտի խափանումը Starliner տիեզերանավի վրա
Երեք պարաշյուտներից մեկը Starliner օդաչուավոր տիեզերանավի վթարային փրկության համակարգի փորձարկման ժամանակ չի բացվել մարդկային գործոնի պատճառով: Այդ մասին հայտնել է Boeing ընկերությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փորձարկման ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին Ուայթ-Սենդզ (ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգ) զինափորձարանում, Starliner օդաչուավոր տիեզերանավի վերադարձվող ապարատը վթարային փրկության համակարգի աշխատելուց հետո երկրի մակերեույթի վրա իջել էր երկու, այլ ոչ թե երեք պարաշյուտներով: NASA-ն դա ընդունելի է համարել փորձարկման պարամետրերի եւ անձնակազմի անվտանգության համար, իսկ Boeing ընկերությունը հայտնել էր բացվելիս չնախատեսված իրադրության մասին, բայց դա չի համարել պարաշյուտի խափանում:
«Մանրամասն նկարահանումների անալիզի եւ պարաշյուտի զննման շնորհիվ Starliner-ի թիմն արագորեն որոշել է երեք պարաշյուտներից մեկի չբացվելու պատճառը՝ ձգովի եւ հիմնական պարաշյուտների միջեւ ֆիքսված միացման բացակայությունը»,-ասված է Twitter-ում զետեղված Boeing-ի հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել է Boeing-ի նախագահ Ջոն Մալհոլանդը, որի խոսքը մեջբերում է Spacenews ամերիկյան մասնագիտացված կայքը, մեխանիզմը, որը միացնում է ձգովի եւ հիմնական պարաշյուտները, ճիշտ չէր պատրաստվել, որի արդյունքում ձգովի պարաշյուտը չի կարողացել դուրս հանել հիմնականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: