Թուրքիայով անցնող առաջին չինական բեռնատար գնացքը շարժվել է Անկարայի երկաթուղային կայարանից
Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ուղևորվող առաջին չինական բեռնատար գնացքը մեկնել է Անկարայից։ Ներկայումս Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքափոխադրում է կատարվում նաև Ռուսաստանի տարածքով։ Եվ այս առումով Թուրքիայով անցնող երկաթգիծը այլընտրանքային տարբերակ է Չինաստանի համար։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Չինաստանի Շիան քաղաքից մեկնած գնացքը մինչև Թուրքիա հասնելը անցել է Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Նոյեմբերի 4-ին Կարսով Թուրքիայի տարածք մտած «Չինական երկաթուղային էքսպրեսը» նոյեմբերի 6-ին հասել է Անկարա։ Էլեկտրոնային սարքեր տեղափոխող գնացքին Անկարայում մեծ շուքով են դիմավորել, միջոցառմանը մասնակցել են նաև Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները։
Թուրքիայի տարածքով անցնող «Չինական էքսպրեսը» ընդհանուր 11․483կմ երկարություն ունեցող երթուղին հաղթահարելու է 12 օրում։ Ենթադրվում է, որ երկաթուղին կսպասարկի շուրջ 60 երկրների ավելի քան 5 մլրդ բնակչությանը։