Բաժիններ՝

«Ըստ նախնական տեղեկությունների` մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել». Ոստիկանությունը՝ Քարակերտի միջադեպի մասին

168.am-ը տեղեկություն էր ստացել, որ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակում:

Ըստ ստացված տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել նախկինում Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) դաշինքի մաս կազմող  «Հանրապետություն» կուսակցության անդամներ  Սափեյան եղբայրներն՝ իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ:

Վիճաբանություն է սկսվել, ծեծուջարդ, կրակոց է հնչել: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ:

Ստորև ներկայացնում ենք միջադեպի առնչությամբ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը:

«Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, և, ըստ նախնական տեղեկությունների` մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով որևէ անձ չի տուժել։

Դեպքի վերաբերյալ ոստիկանություն ստացվել է նաև հաղորդում։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Չնայած կատարվածը արձագանք գտավ ԶԼՄ-ներում, սակայն տեղեկացնենք, որ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ»,- ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս