Գիտնականները պարզել են վատ քնելու հետևանքները
Ամերիկյան Բերքլիում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ գիտնականներ գտել են, որ խորը քնի բացակայությունը մարդուն դարձնում է սթրեսի նկատմամբ խոցելի, մեծացնում է տագնապալի վիճակը: Գիտնականների եզրակացություններին կարելի է ծանոթանալ Nature Human Behabiour հրատարակությունում հրապարակված հոդվածում:
Գիտափորձին մասնակցել է 18-ից մինչեւ 50 տարեկան ավելի քան 330 մարդ: Գիտնականները դիտարկել են, թե ինչպես է փոխվում նրանց հոգեկան վիճակը՝ կախված այն բանից, թե օրական քանի ժամ են նրանք քնել: Դրա համար կամավորներին խնդրել են լաբորատորիայում երկու գիշեր անցկացնել՝ մեկն ընդհանրապես առանց քնելու, իսկ երկրորդը՝ նորմալ տեւողությամբ քնելով: Երկու դեպքում առավոտյան նրանց ցուցադրել են հատուկ ընտրված տեսահոլովակներ, որոնք փորձի մասնակիցների մոտ պետք է առաջացնեին տագնապ կամ նողկանք: Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ առանց քնելու գիշեր անցկացնելուց հետո պրեֆրոնտալ կեղեւը, որը պատասխանատու է տագնապ արտահայտելու համար, գործել է խափանումներով: Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ վատ քունը գրեթե 30 տոկոսով նպաստում է սթրեսի մակարդակի բարձրացմանը:
Ավելի վաղ Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք տառապում են անքնությամբ, մեծանում է սրտի իշեմիկ հիվանդության, սրտի անբավարարության եւ ինսուլտի զարգացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: