Բաժիններ՝

Իրանը ձեռնամուխ է եղել միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման չորրորդ փուլին. IRNA

Իրանը նոյեմբերի 6-ին ձեռնամուխ է եղել գազի մատակարարմանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում տեղակայված ցենտրիֆուգներին, ինչը, փաստորեն, նշանակում է Թեհրանի կողմից միջուկային գործարքի շրջանակում իր հանձնառությունների կրճատման չորրորդ փուլի սկիզբը: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:

Նշվում է, որ գազի մատակարարման գործընթացն սկսվել է ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների ներկայությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմում միջուկային շանտաժ են համարել Իրանի կողմից նոր ցենտրիֆուգների գործարկումը եւ փորձ՝ ստիպելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) եվրոպական մասնակիցներին՝ գնալ զիջումների: «Դա միջուկային շանտաժի շարունակումն է: Իրանը փորձում է համաձայնագրի եվրոպական մասնակիցներին ստիպել գնալու զիջումների»,- հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Իր հերթին, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Ֆորդոյի օբյեկտում մինչեւ 5 տոկոս ուրանի հարստացումն սկսելու Իրանի որոշումը համարել է«մեծ քայլ սխալ ուղղությամբ»: «Մենք լիովին պաշտպանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) Իրանում անկախ ստուգումներ անցկացնելու հարցում եւ ՄԱԳԱՏԷ-ից հաղորդումներ ենք սպասում բոլոր իրադարձությունների վերաբերյալ»,- հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Պետդեպարտամենտում նաեւ նշել են, որ ԱՄՆ-ը կշարունակի Իսլամական Հանրապետության նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն վարել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցրել իր «ապակայունացնող գործելակերպը»:

Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտնել է, որ Իրանը 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել ուրանի հարստացման համար եւ իր ձեռնարկություններում զգալիորեն ավելացրել է ցածրհարստացված ուրանի արտադրությունը: Սալեհին հավելել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում երկրում ցածրհարստացված ուրանի արտադրությունն ավելացել է տասն անգամ:

«Մենք չէինք պատրաստվում նման քայլեր ձեռնարկել, բայց Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը մեզ ստիպեց անել դա»,-նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս