«Արայիկ Հարությունյանը թող կողմնորոշվի` կա՛մ հայագիտությունը գործում է ըստ էության, կա՛մ պաշտոնը թողնում ու գնում է տուն». ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նախազգուշացնում են նախարարին
Այսօր ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները պատրաստվում են դասադուլի՝ բողոքելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի «գլխավորությամբ հայագիտության դեմ սկսված արշավից»։
«Բազմաթիվ կետերով ինքը, իր փոխնախարարները և տարբեր ՊՈԱԿ-ի աշխատակիցներ քարկոծում են հայագիտությունը։ Մեր այսօրվա բողոքը կապված է հայոց լեզվի, հայ գրականության և պատմության բուհական դասաժամերի կրճատման դեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Գևորգ Գյուլումյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ակցիային միանալու են նաև այլ ֆակուլտետների և այլ համալսարանների ուսանողներ, դասախոսներ և անհատներ։
«Մենք մեր լեզվին վերաբերվում ենք՝ որպես մեր մշակույթի անքակտելի մաս, մեր գոյության ձև, ուստի չենք պատրաստվում հանդուրժել լեզվի նկատմամբ որևէ ոտնձգություն։ Ուզում եմ նաև ասել, որ սա ավելի շատ նախազգուշացում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ուզում ենք ասել, որ Արայիկ Հարությունյանը հայոց լեզուն, հայ գրականությունը և պատմությունն ինքն իր «հոր տանից» չի բերել և չի կարող՝ ինչ ուզի՝ անի. դա որբի գլուխ չի։ Արայիկ Հարությունյանը թող կողմնորոշվի՝ կա՛մ հայագիտությունը գործում է ըստ էության, կա՛մ պաշտոնը թողնում ու գնում է տուն, այլ տարբերակ չկա»,- հավելեց նա։
Նա նաև նշեց, որ այսօր ակցիայի ժամանակ գնալու են՝ Կառավարության, այնուհետև՝ նախարարության շենքի մոտ, իսկ երեկոյան սպասելու են նախարարի արձագանքին՝ հասկանալու, թե նա ինչ որոշում է կայացնելու։
Զվարթ Խաչատրյան