Երևանի Կրկեսի դերասանը «Գինեսի» ռեկորդ է սահմանել
Երևանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ Մուշեղ Խաչատրյանն իր միակնանի հեծանվով Գինեսի հերթական ռեկորդն է գրանցել. մեկ րոպեում 16 անգամ ոտքի մեկ շարժումով գլխարկը դրել է գլխին:
Հիշեցնենք՝ նախորդ անգամ 6 մետր բարձրությամբ 83 միլիմետր տրամագիծ ունեցող միակնանի հեծանվով անցել է 11.50 մետր տարածություն:
«Այս հնարքը կատարելու համար շատ պատրաստվել պետք չէր: Երբ սկզբում փորձ կատարեցի՝ 12 անգամ ստացվեց գլխարկը դնել գլխիս, ինչն արդեն ռեկորդ էր համարվում, բայց ստացվեց ավելի լավ՝ 16: Հեծանիվը 190սմ էր, բայց այս անգամ հեծանիվի բարձրությունն այնքան էլ կապ չուներ, քանի որ կարևորել էին միակնանի լինելը: Սա իմ գաղափարն է եղել, դեռ ոչ ոք չի կատարել, բայց կսպասեմ ուրիշների փորձերին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մուշեղ Խաչատրյանը:
Նրա փոխանցմամբ՝ ռեկորդը կգրանցվի նաև «Դյուցազնագրքում»:
«Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ և Հայաստանի մարզական և ոչ այնքան մարզական ռեկորդները գրանցող «Դյուցազնագրքի» հեղինակ Վարդան Թովմասյանը հրավիված էր, կարծում եմ՝ ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս ռեկորդը կգրանցի»,- նշեց նա:
Հարցին՝ քանի դեռ Հայաստանում Կրկեսի նոր շենքը կառուցման փուլում է, ո՞ր երկրներում է հանդես գալիս, Մուշեղ Խաչատրյանը պատասխանեց.
«Ինչպես առաջ, այնպես էլ հիմա՝ շրջագայում եմ տարբեր երկրներում, մասնակցում եմ տարբեր միջոցառումների՝ հիմնականում հեծանիվների համարներով: Այժմ ապրում եմ Գերմանիայում ու մասնակցում եմ Գերմանիայի կամ Եվրոպայի տարածքում տեղի ունեցող միջոցառումների»:
Խոսելով Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու և ձեռք բերվող հնարավորությունների մասին՝ նկատեց.
«Աշխարհի ռեկորդ գրանցելուց շատերը մտածում են, որ մեծ գումարներ են տալիս ռեկորդ գրանցողին, բայց այդպես չէ: Իրականում ռեկորդ գրանցողն է էներգիա, ժամանակ ու գումար ծախսում՝ այն գրանցելու համար: Չէի ասի, որ ելույթներս շատանում են ռեկորդները գրանցելուց հետո, պարզապես արձանագրում եմ այն, ինչ միայն ես եմ կարողանում անել ու, ամենակարևորը՝ որպես ավանդույթ, այդ ռեկորդները սահմանում եմ միայն Հայաստանում»:
Անի Կարապետյան