«Վաղվանից կսկսվի Ֆորդոյին գազի մատակարարման գործընթացը». Ռոհանի
Իրանը նոյեմբերի 6-ից կսկսի ցենտրիֆուգների օգտագործումը Ֆորդոյի օբյեկտում, ինչն արգելված է միջուկային գործարքով: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Միջուկային գործարքը ենթադրում է, որ Իրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտը կվերապրոֆիլավորի կայուն իզոտոպների արտադրության միջուկային կենտրոնի՝ ձեռնպահ մնալով այնտեղ ուրանի հարստացումից եւ Նաթանզը թողնելով որպես ուրանի հարստացման միակ օբյեկտը:
«Վաղվանից կսկսվի Ֆորդոյին գազի մատակարարման գործընթացը»,-ասել է Ռոհանին ելույթի ընթացքում, հայտարարելով, որ նոյեմբերի 6-ից Թեհրանը չորրորդ անգամ հրաժարվում է միջուկային գործարքով պարտավորությունների կատարումից: Նրա խոսքով՝ այդ գործունեությունն առաջվա պես կընթանա ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո, իսկ ձեռնարկված բոլոր միջոցները շրջելի են, եւ դա կարող է տեղի ունենալ, հենց որ գործարքի կողմերը կատարեն իրենց պարտավորությունները:
«Հենց որ գործարքի կողմերը վերադառնան իրենց պարտավորություններին, մենք կընդհատենք գազաֆիկացումը»,-հավելել է նա, հայտնելով, որ գործարքի կողմերին եւս երկու ամիս է տալիս միջուկային գործարքի շուրջ բանակցելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: