![](/banners/BeFunky-design.jpg)
Լիբանանի նախագահը կարեւորել է երկխոսությունը բողոքի շարժման ներկայացուցիչների հետ
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/994083.jpg)
Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել երկիրն ընդգրկած բողոքի շարժման ներկայացուցիչների հետ։
«Կառուցողական երկխոսությունը կարեւոր է այն պահանջների օրակարգի շուրջ փոխըմբռնման գալու համար, որոնք առաջադրում են ցուցարարները»,-մամուլի ծառայությունը մեջբերել է նախագահի հայտարարությունը Լիբանանի խնդրով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Յան Կուբիշի հետ Բաաբդա պալատում կայացած հանդիպմանը: Արծարծելով ապագա կառավարության առջեւ ծառացած խնդիրները՝ պետության ղեկավարը նշել է, որ նոր կաբինետը լրջորեն զբաղվելու է կոռուպցիոն գործերի հետաքննությամբ: Նրա խոսքով՝ դա կվերաբերի իշխանության բոլոր Էշելոններին:
Ներկայում նախագահը խորհրդարանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաներ է վարում նախարարների կաբինետի ապագա կազմի շուրջ: Ինչպես սպասվում է, այն գլխավորելու հանձնարարություն կտրվի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիին, որը հրաժարական է տվել հոկտեմբերի 29-ին: Մինչ այդ ցուցարարները, որոնք Լիբանանում նոր համընդհանուր գործադուլ անցկացնելու կոչ էին անում, հասել են հարաբերական հաջողության: Նրանք կարողացել են արգելափակել մայրաքաղաք Բեյրութից հյուսիս եւ հարավ ձգվող ավտոճանապարհները, սակայն պետական հիմնարկություններն ու բանկերը չեն դադարեցրել աշխատանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: