
Եվրամիությունը 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է տրամադրել Թուրքիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հայտարարությունից հետո ԵՄ-ն 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է ուղարկել Թուրքիային սիրիացի փախստականների համար: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ծրագրել է անվտանգության գոտի ստեղծել, որտեղ պետք է բնակեցնի այժմ Թուրքիայի տարածքում ապաստանած սիրիացի փախստականներին (շուրջ 3.6 մլն):
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիան գործի է անցել սիրիացիներին Սիրիա հետ ուղարկելու ուղղությամբ: Նշվում է, որ արդեն պատրաստ են անվտանգության գոտում փախստականների համար կառուցվելիք բնակատեղիների ծրագրերը:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԵՄ-ից աջակցություն էր պահանջել Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու առաջին փուլի ընթացքում սիրիացի փախստականների տեղափոխումն իրականացնելու համար: Այլապես Էրդողանը սպառնացել էր «բացել դարպասները» և Թուրքիայում ապաստանած 3.6 մլն սիրիացի փախստականներին ուղարկել Եվրոպա: