«Սպայկա»-ի մեքենան Լարսի անցակետում պահել են բեռի ռիսկային լինելու պատճառով. նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացվել է «Սպայկա» ընկերության` պանրով բեռնված մեքենան Լարսի մաքսային անցակետում պահելու վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Նախարարության կողմից կապ է հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ, որոնք տեղեկացրել են, որ մեքենային ժամանակավոր բաց չթողնման պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը` «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելության տեսանկյունից: Ըստ վերջիններիս տեղեկատվության` նմուշն ուղարկվել է համապատասխան լաբորատորիա` բեռի ծագումնաբանությունը որոշելու նպատակով:
Լաբորատորիայի եզրակացությունը ստանալուց հետո կընդունվի համապատասխան որոշում տվյալ բեռի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ»,-գրել է Օհանյանը: