Բաժիններ՝

Պակիստանում գնացքում բռնկած հրդեհից զոհվածների թիվը հասել է 73-ի

Պակիստանի հյուսիս-արեւելքի Փենջաբի նահանգում մարդատար գնացքում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել է 73-ի, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարար ծառայության ղեկավարին: Ավելի վաղ հաղորդվել էր 62 զոհվածի եւ տասնյակ տուժածների մասին:

Գնացքը Կարաչի քաղաքից ընթանում էր դեպի Ռավալպինդի: Նախնական տվյալների համաձայն, հրդեհի պատճառ է դարձել գազի բալոնը, որն ուղեւորների կողմից օգտագործվում էր կերակուր պատրաստելու համար: Ականատեսների վկայությամբ՝ կրակը ճարակել է գնացքի երեք վագոն՝ լիովին ոչնչացնելով դրանք: Ավելի վաղ Պակիստանի երկաթուղիների նախարար Շեյխ Ռաշիդը հեռուստաալիքին հայտնել է, որ մահերի մեծ մասը կապված է այն բանի հետ, որ մարդիկ, փորձելով փրկվել, դուրս էին նետվում այրվող գնացքից: Բժիշկները հայտնել են, որ մինչ այժմ ճանաչվել է զոհվածների միայն մի մասը: Զոհերից մի քանիսի այրվածքներն այնքան ուժեղ են, որ նրանց ինքնությունը պարզելը գրեթե անհնարին է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս