Բաժիններ՝

«Մեր դիրքապահ զինվորն  ապահովագրված է տհաճ անակնկալներից, այդ թվում՝ դիվերսիոն հարձակումներից». Գեղամ Հարությունյան

Մեզ հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի համակարգող, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանն անդրադառնալով զորամասի թեյարաններում շուկայականից բարձր գնով ապրանքների վաճառքի մասին մեր խմբագրության ստացած ահազանգերին և խոսակցություններին՝ խոստացավ այդ հարցն ուշադրության կենտրոնում պահել՝ ասելով, որ հասարակական խորհուրդը նման բողոքներ չի ստացել:

– Ես չեմ կարող որևէ կերպ հաստատել այդ փաստը, բայց այդ խնդիրը մենք անպայման կստուգենք և առաջիկայում ուշադրության տակ կառնենք, կհամեմատենք գները, կփորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում: Կրկնում եմ՝ մինչ այս դրա վրա չենք սևեռվել, քանի որ անհանգստություններ չեն եղել: Իսկ առհասարակ, բանակում խնդիրները մշտական հսկողության տակ պետք է վերցնել, որովհետև մեկընդմիշտ լուծված  հարցեր չեն լինում: Բավական է ինչ-որ հարցի վերաբերյալ ուշադրությունը թուլանա, և հնարավոր կլինեն բացասական երևույթներ: Այստեղ ուզում եմ խոսել բանակում սննդի մատակարարման նոր կարգի մասին. օրերս Արցախում էինք, և Իվանյանում տեղակայված զորամասում նույնպես ներդրվել էր այդ նոր կարգը: ՊԲ հրամանատարի հետ հանդիպում ունեցանք, և նա ասաց, որ ծրագրում են ընդլայնել, ավելի շատ զորամասերում ներդնել սննդի մատակարարման այս համակարգը, և վերջում արդեն ամբողջապես բանակը պիտի անցնի այդ նոր եղանակին: Այս գործընթացը զարգանում է, և, իմ տպավորությամբ, եթե լինեն ընկերություններ, որոնք կկարողանան ստանձնել այդ ծառայությունը, բանակն ընդառաջ կգնա այդ խնդրին: Որքան ես եմ հասկանում՝ բիզնեսը դեռ չի կողմնորոշվել դեպի այդ գործը: Առաջին քայլերը կան: Այս համակարգի դեպքում տարբերությունն ակնհայտ է. երկու տիպի աղցան, երկու տիպի առաջին ճաշատեսակ, երկու տիպի երկրորդ ճաշատեսակ, կոմպոտ, միրգ:

Կարևոր է նաև սեղանի սպասքը, դրանք փոխված են նաև մեր վերջերս այցելած արցախյան զորամասում. մետաղական ափսեների փոխարեն՝ կերամիկական էին, որակով էին նաև դանակ-պատառաքաղները: Մենք՝ որպես հասարակական խորհուրդ, միշտ առաջ ենք քաշել այն հարցը, որ ընթրիքի ժամերը ոչ միայն սնունդ ընդունելու նպատակ պիտի ունենան, այլև՝ լիցքաթափման, որովհետև զինվորի օրը ռեժիմային է, և ճաշի ու ընթրիքի ժամերին նա պետք է լիցքաթափվի, ինչի համար պայմաններ է պետք ստեղծել:

Այսօր նման վիճակ լինում է. առաջ մտնում էին, հրահանգ էր տրվում նստելու, ճաշը ընդունելու, և այստեղ կարծես իրենք շարունակում էին ծառայությունը, հիմա ես նկատեցի, որ տղաները սկուտեղի վրա իրենց ուզած ճաշատեսակները վերցրեցին և ազատ նստեցին սեղանի շուրջ՝ ծիծաղելով, զրուցելով սկսեցին ճաշել: Ես այդ լիցքաթափման պահը տեսա: Նախկինում ինչ-որ մեկը լցնում էր, խնդիրներ կային, թե ով պիտի հավաքի: Սննդի նոր համակարգը պետք է առաջ մղել բանակում, ինչի արդյունքում՝ ճաշի կազմակերպման գործը մեկ մակարդակով բարձր կլինի:

– Իսկ այսօր, առհասարակ, զորամասերում ի՞նչ խնդիրներ կան: Կամ՝ հասարակական խորհուրդն ի՞նչ տեսակի, ի՞նչ խնդիրների հետ կապված բողոքներ է հիմնականում ստանում զինվորի ծնողներից:

– Նրանց ավելի շատ իրենց որդիների առողջական հարցերն են հուզում: Ծառայության հետ կապված բողոքները հիմնականում առողջական խնդիրներին են վերաբերում՝ ինքնազգացողության հետ կապված, հոսպիտալացման:

 – Դեպքեր եղե՞լ են, որ հոսպիտալում զինվորն անուշադրության է մատնվել: Այս մասով երբեմն բողոքներ ստացվում են ծնողներից:

– Ոչ, մենք նման բողոքներ չունենք: Հոսպիտալներում վերաբերմունքից ընդգծված դժգոհություններ, գոնե մեզ ուղղված, չեն եղել: Բայց լինում են զինվորներ, որոնք մի քանի անգամ են հոսպիտալացվում: Այսինքն՝ կրկնակի բուժումներ են ստանում ծառայության ընթացքում, ինչն անհանգստացնում է նրանց ծնողներին:

– Առաջնագծում տիրող իրավիճակից ի՞նչ կասեք՝ տեխնիկակական, կահավորման առումով:

– Օգոստոսի սկզբին մենք շրջայց կատարեցինք Արցախի զորամասեր: Մեզ ավելի շատ հետաքրքրում էր առաջնագծում տիրող իրավիճակը՝ ամրաշինական կառույցները, տեսադիտարկումը դիրքերում և խորքում: Բազմաշերտ տեսադիտարկում է իրականացվում, և այդ առումով առաջնագծի պաշտպանությունը բավականին հուսալի է: Մեր դիրքապահ զինվորն ապահովագրված է տհաճ անակնկալներից, այդ թվում՝ դիվերսիոն հարձակումներից, որոնցով հակառակորդը կարող էր հանկարծակիի բերել, հիմա նման բան չկա: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև առաջնագծի կենցաղային պայմաններին:

2016-ին նման մի շրջայց արել էինք և առաջարկել հոսող ջուր ապահովել դիրքերում, ինչպես նաև՝ արևային էլեկտրական մարտկոցներ: Վերը նշված շրջայցի ընթացքում հատուկ ուշադրություն դարձրեցինք, թե մեր առաջարկներն ինչ ընթացք են ունեցել: Պետք է ասեմ, որ որոշակի աշխատանքներ կատարվել էին. մասնակի լուծվել էին այս հարցերը, զորամասերից մեկի ամբողջ առաջնագիծն ապահովված էր խմելու ջրով, մեկ այլ զորամասում՝ դիրքերի կեսը: Կան արևային մարտկոցներ, մեր կարծիքով՝ դրանց հզորությունը պետք է մեծացնել: Մենք կարծում ենք, որ փոքր սառնարաններ և էլեկտրական սալօջախներ կարող են օգտագործվել դիրքերում, հատկապես շոգ եղանակային պայմանների ժամանակ, սա կկրճատի մեքենայի շարժը, քանի որ փչացող մթերքները 2 օրը մեկ ստիպված են լինում հասցնել դիրքեր: Ուրախացանք, երբ կառավարությունն ընդունեց որոշում 2.1 միլիարդ դրամ հատկացնել՝ ամբողջապես լուծելու հոսող ջրի հարցը դիրքերում: Սա ամբողջովին կփոխի զինվորի կենցաղի հնարավորություններն ու պայմանները՝ բաղնիքի խնդիրը, որ, ասենք, լուծվում էր շարժական բաղնիք մեքենաների միջոցով, իսկ հիմա ստացիոնար պայմաններում կարող են լուծվել:

Օրերս՝ հոկտեմբերի 25-27-ին, դարձյալ եղանք  Արցախում՝ «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում, որի ընթացքում զինվորների համար եղան դասախոսություններ: Մինչև տարեվերջ կազմակերպվելու է ևս երկու այց ԱՀ ՊԲ զորամասեր:

Գլխավոր շտաբի պետը վերջին ասուլիսին ասաց, որ ժամկետային զինծառայողների մահվան դեպքերի նվազում ունենք, նույնը՝ նաև առաջնագծի հետ կապված:

– Ես կարծում եմ, որ այս առումով անելիքներ ունենք, որ նվազումն ավելին լինի: Զինվորների շրջանում աշխատանքը պետք է ավելի նպատակադրված լինի, նրանց ծառայությունն ավելի հիմնավոր պետք է կազմակերպվի, բարձրացվի նրանց մոտիվացիան, որ նրանք զգան՝ հայրենիքի պաշտպանի կարգավիճակում են գտնվում: Բնականաբար, հսկողության տակ պիտի պահել միջանձնային հարաբերությունները, որովհետև այդ տարիքում իրար հետ շփվող երիտասարդների միջև կարող են տարբեր բնույթի հարցեր ծագել: Պետք է կարողանալ միջանձնային հարաբերություններում առկա խնդիրները  ժամանակին հայտնաբերել և ճիշտ հունի մեջ դնել, որ չվերածվեն ողբերգական դեպքերի:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս