Մարզադպրոցի վազքուղու ռետինե ծածկույթի ձեռքբերումը՝ Սյունիքի մարզպետի  55-րդ ձեռքբերում

Ժամանակին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում ամփոփեց իր գործունեության մեկ տարին, խոշոր հաշվով, այդ ասուլիսից միայն մի տպավորություն մնաց՝ երկար ու բարակ 100 փաստ։

Թվում էր, թե դպրոցական երեխաների պայուսակների էական թեթևացում արձանագրած փաստից անդին այլևս զարմանալու առիթ չենք ունենա։ Բայց, փաստորեն, քչերս ենք գլխի ընկել, որ շուտով 100-ական փաստերով մեզ զարմացնելու էին նաև Նիկոլ Փաշինյանի մարզպետները։ Եվ ահա օրերս Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի մեկ տարվա գործունեության վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը՝ ոչ ավել, ոչ պակաս, 100 փաստ, իսկ իրականում կարելի է այն անվանել՝ մարզպետի 50 երանգները։ Չենք ցանկանում պնդել, որ մարզպետի թիմը 100 փաստերը մշակելիս ծանրակշիռ և լուրջ աշխատանք չի կատարել, բայց չենք կարող նաև չնկատել, որ բավական ծանրակշիռ աշխատանք կպահանջվի այդ 100 փաստերում նույնքան ծանրակշիռ գեթ 10 լուրջ փաստ գտնելու համար։

Անշուշտ, հաճելի է, որ մարզպետը կամ մարզպետի թիմն առիթ է ունեցել ընթերցելու մարզպետի պաշտոնի նկարագիրը, բայց դժվար հաճելի անվանենք օրենքով սահմանված պարտականությունների կատարումը որպես հեղափոխական գործունեության մեկամյա վերջնարդյունք ներկայացնելու փորձը։

Ինչո՞ւ փորձը, որովհետև 1 տարում տեղի ունեցած ամեն բան չէ, որ պետք է ներկայացվի՝ որպես գործունեության արդյունք, հատկապես շատ լավ իմանալով, թե հանրությունն ինչ ակնկալիքներ ունի «Նոր Հայաստանում» պաշտոնավարողներից։ Ավելորդ ենք համարում նույնիսկ փնտրել որևէ մեթոդաբանություն կամ տրամաբանություն, որն ընկած պետք է լիներ այդ փաստաթղթի հիմքում։ Եթե մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, օրինակ, հաշվետվության 55-րդ կետով ամրագրված մարզադպրոցի համար վազքուղու ռետինե ծածկույթի ձեռքբերումը, կամ, օրինակ, 65-րդ կետով ամրագրված ԱԳԼՃԿ զուգարանների վերանորոգման աշխատանքները մի դեպքում՝ համայնքապետարանի, իսկ մյուս դեպքում՝ մասնավորի կողմից կատարված աշխատանքներ են, ապա մեկ այլ կետով, մասնավորապես՝ 69-րդ կետով, մարզպետին է վերագրվել վերջինիս հետ բացարձակապես աղերս չունեցող աշխատանք։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Կապանի օդանավակայանի շահագործման շինաշխատանքներին, որը սկսվել է 2017 թվականին Սյունքի նախկին մարզպետ Վահե Ա․ Հակոբյանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) օժանդակությամբ և աջակցությամբ։

Հաշվետվությունը կազմողները հեռուն գնալով՝ չեն խորշել նաև մարզպետի հաշվեկշռում գրանցել Կապանի թիվ 7 դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որը սկսվել է 2016 թվականից և իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-արդյունքների վրա հիմնված փոխատվություն» վարկային համաձայնագրի շրջանակներում (կետ 81)։ Այդ շարքից  են նաև ԶՊՄԿ ֆինանսավորմամբ իրականացվող Կապանի մշակույթի կենտրոնի շենքի վերակառուցման աշխատանքների իրականացումը, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող տարրական դասարանների աշակերտներին տաք սննդի մատակարարումը, Գորիսի քաղաքապետի ջանքերով և անձնական միջոցներով Գորսի համայնքի փողոցների և պուրակների բարեկարգման աշխատանքները, և այլն։

Տպավորություն է ստեղծվում, որ հաշվետվությունը կազմելիս միջոցների և մեթոդների մեջ խտրականություն չեն դրել, այլապես դժվար թե կարելի լիներ ընտրությունների նախապատրաստման (կետ 1), զորակոչի կազմակերպման և անցկացման (կետ 2), արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության ամենամյա ծրագիրը կազմելու  (կետ 7), թափուր պաշտոնների համար մրցույթների հայտարարումը (կետ 5, 98), քաղաքացիների ընդունելություն կազմակերպելը (կետ 99),  առհասարակ աշխատանք համարել, որովհետև եթե անգամ մարզը մեկ տարի մարզպետ չունենար, միևնույն է, թվարկված «աշխատանքներն» ինքնաշխատ եղանակով, առանց մարզպետի էլ կիրականացվեին։

Բացարձակ նպատակ չունենք չնկատել մարզպետի արած գործերը, բայց եկեք չմոռանանք, որ «Նոր Հայաստանի» մարզպետներից այլևս պահանջվում է հստակ ու չափելի աշխատանքի արդյունք։ Օրինակ, մարզի սոցիալ-տնտեսական պատկերի բարելավմանն ուղղված որևէ աշխատանք, ցավոք, հնարավոր չի գտնել հեղափոխական 100 փաստերում։

Միգուցե քաղաքական ճաշակի հարց է, բայց  «Նոր Հայաստանում», որտեղ, ըստ օդում կախված լուրերի, հպարտ քաղաքացիներին այլևս որևէ պաշտոնյա չի խաբելու, չափազանց տգեղ է մարդկանց ամեն բան հրամցնել՝ որպես 100 կատարված աշխատանք, այն դեպքում, երբ իրականում գոնե դրանցից 50-ը չի հավակնում դասվել կատարված աշխատանքի կատեգորիային։ Ասել կուզի՝ այս 100 փաստերի անգամ 50 երանգները սյունեցու բարեկեցության հարցում որևէ չափելի արդյունք չեն արձանագրել։

Ավելի ազնիվ կլիներ թվարկել թեկուզ 10 կետ, քան այսպիսիք՝ կետ 95. «․․․ուղղաթիռով մարզից մայրաքաղաք է տեղափոխվել 15 հիվանդ», և տասնյակ նման «փաստեր»։

Տեսանյութեր

Լրահոս