Օծվել է Բերքաշատի Սբ. Խաչ եկեղեցին
Շաբաթ օրը՝ օգոստոսի 25-ին, Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղում նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ Ուկրանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի, Մայր Աթոռի միաբան Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի և Արմավիրի թեմի հոգևոր դասի կատարվել է նորակառույց Սբ. Խաչ եկեղեցու օծման արարողությունը:
Եկեղեցու օծմանը ներկա են եղել եկեղեցու բարերար` կիևաբնակ Խաչատուր Խաչատրյանը, համայնքապետ Հարություն Չվչյանը, հարակից համայնքների ղեկավարները, բարերարի որդիները և համագյուղացիներ:
Եկեղեցու օծման արարողությունը սկսվել է «Դռնբացեքի» արարողությամբ, այնուհետև օծվեցին եկեղեցու 16 սյուները, Սբ. Խորանը, Մկրտության ավազանը և սրբապատկերները:
Արարողության ավարտին նորակառույց եկեղեցում կատարվել է առաջին Մկրտությունը: Մկրտվեց եկեղեցու բարերարի որդին` Արտյոմ Խաչատրյանը` օրինակ հանդիսանալով համագյուղացիների համար:
Եկեղեցու ճարտարապետն է Խաչիկ Դանիելյանը, ով հանդիսանում է Մեծամոր քաղաքի Սբ. Ղազար եկեղեցու ճարտարապետը: