«Քաղաքական գործ են բացում ամենաամոթալի ձևով, ամենաանարժան մարդկանց ձեռքերով». Վազգեն Մանուկյան
«Երբ նայում ես՝ ինչ է կատարվում աշխարհում և ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում ես, որ ինչ-որ բան չի համընկնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նա նկատեց, որ աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել, բոլոր պետութունների ներսում գլուխ են բարձրացնում ազգային-պետականամետ ուժերը, սկսվել են առևտրական պատերազմներ, Եվրոպայի ներսում մեծ փոփոխություններ են կատարվում, տարածաշրջանում հսկայական փոփոխություններ են, մասնավորապես՝ ՌԴ դերն այս տարածաշրջանում կտրուկ բարձրացել է.
«Աշխարհը մտնում է նոր փուլի մեջ, և թվում էր՝ մենք դրա վրա պետք է կառուցեինք մեր քաղաքականությունը, որովհետև սկսվում են նոր մարտահրավերներ, նոր վտանգներ: Բացի ամեն ինչից, այս տարածաշրջանում ունենք հսկայական հարց, որը Ղարաբաղի հարցն է, որը նաև Հայաստանի անվտանգության հարց է, որն անվտանգության հարց է բոլորիս համար»:
Խոսելով Արցախի հիմնահարցի մասին՝ նա նկատեց, որ բանակցություններ տեղի չեն ունենում, մինչդեռ բանակցությունները նպաստում են, որ պատերազմ չլինի. «20 տարի հաջողվեց ստատուս-քվոն պահպանել»:
Անդրադառնալով հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ներսում, բանախոսը նկատեց. «Մեր հասարակությունն այդչափ բզկտված չէի տեսել, իրար նկատմամբ թույնով լցված, արժեքավոր մարդանց հանդեպ, Բաբլոյանի դեմ այդ քրեական գործը, որ հարուցել են, ուղղակի զարմանք է հարուցում. աշխարհում ճանաչված, Հայաստանի լավագույն բժշկի դեմ մի ստորակետի պատճառով քրեական գործ են հարուցում, հանում են Ղարաբաղի ՊՆ-ին, քանի որ, իրենց կարծիքով՝ ինչ-որ նախադասություն ճիշտ չի ասել, որը լավագույն նախարարներից էր»:
Խոսելով «Հոկտեմբերի 27»-ի ի գործի մասին՝ Վ. Մանուկյանը նկատեց. «Մի խայտառակություն էլ դա է. Քաղաքական գործ են բացում ամենաամոթալի ձևով, ամենաանարժան մարդկանց ձեռքերով. եթե հարց կա վերանայելու՝ դատական որոշումները թող վերանայեն, բայց այն, ինչ կատարվում է՝ խայտառակություն է»:
Ամփոփելով խոսքը՝ նա նկատեց. «Իմ կարծիքով՝ Հայաստանի ներկա իրավիճակը չի համապատասխանում այն իրավիճակին, որում մենք գտնվում ենք:
Կարելի է վիճակը լավացնել, բայց դա իշխանությունից պահանջում է կտրուկ փոփոփոխություններ, ազատվել հեղափոխական փրփուրից:
Կկարողանա՞ իշխանությունը դա անել՝ ես չեմ իմանում, կախված է նաև հասարակությունից, ինչ խնդիրներ է հասարակությունը դնում իր առջև, իշխանության առջև»:
Ի դեպ, լրագրողի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ հանդիպումը եղել է կուսակցություն ընդունվելիս, այլ հանդիպում չի եղել. «Հանդիպել եմ այն ժամանակ, երբ եկել է կուսակցություն ընդունվելու, եթե փողոցում հանդիպել եմ, բարևել է, չեմ հիշում»:
Զարուհի Դիլանյան