«Ամենամեծ ճգնաժամն այդ դատարանում հենց այդ դատավորն է, այդ ինքնահռչակ «նախագահը»». Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ զարմանալի ու անհասկանալի է, թե ո՞վ է ասում, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա:

«Ո՞վ է ասում, որ ՍԴ-ում ճգնաժամ կա., այն դատավորը, որն ընդհանրապես դատական նիստերին չի մասնակցո՞ւմ: Ամենամեծ ճգնաժամն այդ դատարանում հենց այդ դատավորն է, այդ ինքնահռչակ «նախագահը»: Հիմա եթե ես ԱԺ նիստերին չմասնակցեմ, բարոյական իրավունք կունենա՞մ ԱԺ գործունեության մասին դատողություններ անել: Անձերից վերանանք, ես այդ անձի դեմ ոչինչ չունեմ, որևէ անգամ չենք առնչվել, որ որևէ խնդիր ունենանք, իմ ատելությունն իր կեցվածքն է: Մարդը չի մասնակցում նիստերին, պետական բյուջից ստանում է աշխատավարձ,  չորս անգամ խրախուսումներ… Լավ, եթե դատավորն ընդանրապես չի մասնակցում դատարանի աշխատանքներին, ինչո՞ւ է խրախուսվում, և ո՞ւր է մեր իշխանությունը, կրկին անցանք երկակի ստանդարտների»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:

Այն հիմնավորումները, որոնք Վահե Գրիգորյանը ներկայացրել էր, թե ինչու չի մասնակցում ՍԴ նիստերին, Գևորգ Պետրոսյանի համար բավարար չեն, քանի որ, ըստ օրենքի, եթե ՍԴ դատավորը չի մասնակցում նիստերին, նախապես պետք է խնդրի, որպեսզի իր բացակայությունները հարգելի համարեն:

«ՍԴ որևէ նիստի չմասնակցած դատավորը բարոյական իրավունք չունի գնահատելու այդ մարմնի գործունեությունը: Նիստերին չմասնակցելով՝ նա խրախուսվում է նաև, լավ, այս ժողովուրդը մեղք չէ՞»,- շեշտեց նա:

Հարցին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հետ կապված որևէ քայլ կձեռնարկի՞, նա պատասխանեց, որ նման քննարկում չի եղել, սակայն խոսել են առանձին պատգամավորներով, և նման մտադրություն կա:

«Խոսում են անարդարություններից, պետական բյուջեն մսխելուց, մեկն այս հետքերով գնացե՞լ է, Պետական վերհսկողությունն ի՞նչ է արել, բացի ֆեյսբուքյան գրառումներից: Մի քաղաքական հայտարարություն ենք անում, գետաձիի,  ռնգեղջյուրի, էլ ինչ արտաքինով ֆեյքեր ասես, որ չեն սկսում մտնել ու Ֆեյսբուքում վիրավորել, սրա հետևից մեկը գնացե՞լ է: Վահե Գրիգորյանն ասում է, որ ՍԴ գոյություն չունի, ընկեր ջան, բա որ գոյություն չունի, ինչո՞ւ ես ուզում դառնալ այդ չգործող կառույցի ղեկավար: Նույնն էլ գործուղումները. պատգամավոր կա՝ ավելի շատ օդում է, քան գետնի վրա, հիմա էդ մարդկանց տված օգուտն այդ երկրին ո՞րն է: Պատգամավոր կա, որ կյանքում հեծանիվ նստած չկա, բայց այսօր ինքնաթիռից չի իջնում»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս