Բաժիններ՝

Նեպալցին աշխարհի 14 ամենաբարձր լեռնագագաթները նվաճել է ռեկորդային 7 ամսվա ընթացքում

Նեպալցի լեռնագնաց եւ բրիտանական ծովային հետեւակի նախկին ծառայող Նիրմալ Փուրյան յոթ ամսվա ընթացքում նվաճել է աշխարհի բոլոր 14 ամենաբարձր լեռնագագաթները՝ գերազանցելով նախորդ ռեկորդները, որոնք սահմանել էին լեհ եւ հարավկորեացի ժայռամագլցողները:

Այդ մասին հայտնել է BBC News-ը: Հոկտեմբերի 29-ին 36-ամյա Փուրյան նվաճել է ութհազարանոց (գագաթներ, որոնց բարձրությունը ծովի մակարդակից գերազանցում է 8 հազար մետրը) 14 լեռնագագաթներից վերջինը՝ Շիշաբանգմու հիմալայան պիկը, որը գտնվում է Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի տարածքում: Ալպինիստն ութ հազար մետրը գերազանցող լեռնագագաթները նվաճելու առաջադրանքին ձեռնամուխ է եղել 2019 թվականի ապրիլին, երբ նա նվաճեց Աննափուռնա I-ը՝ Հիմալայների Աննափուռնա լեռնազանգվածի բարձրագույն կետը: Մայիսին Փուրյան նվաճել է Էվերեստը:

Նույն ամսին նա նվաճել է աշխարհի եւս չորս ամենաբարձր գագաթներ: Դրանք բոլորը գտնվում են Նեպալում: Հուլիս ամսին նեպալցին նվաճել է հինգ լեռնագագաթ, որոնք գտնվում են Պակիստանում: Սեպտեմբերին նա հասել է երկու լեռնագագաթ, որոնք գտնվում են Չինաստանում եւ Նեպալում:

Փուրյան բրիտանական բանակում ծառայությունն սկսել է 2003 թվականին: 2009 թվականին նա ընդունվել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ծովային հետեւակազոր: 14 ութհազարանոցները նվաճելու նախորդ ռեկորդը ձեռք է բերվել 2013 թվականին հարավկորեացի լեռնագնաց Կիմ Չանգ-հոյի կողմից, որը լեռնային բարձունքները նվաճել է 7 տարի 10 ամիս եւ 6 օրվա ընթացքում: 1987 թվականին լեհ լեռնագնաց Եժի Կուկուչկան նույն բանն արել է 7 տարի 11 ամիս եւ 14 օրվա ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս