Սա գրաքննություն է. անկլավների մասին Արման Թաթոյանի հայտարարությունները ՄԻՊ կայքից հեռացվել են. Վահե Սարուխանյան
Վահե Սարուխանյանը գրում է. «Ուրեմն անկլավների մասին «Հետքի» հոդվածաշարի հրապարակումների մեջ օգտագործել էինք նաեւ 2016-2022 թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունները խորհրդային տարիներին Արծվաշենի էքսկլավի ու Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների ձեւավորման մասին: Հղում էինք տվել ՄԻՊ պաշտոնական կայքում տեղադրված Թաթոյանի հայտարարություններին: Օրերս նկատեցինք, որ ՄԻՊ կայքից Թաթոյանի այդ հայտարարությունները հեռացվել են, եւ մեր օգտագործած հղումները (լինկերը) տանում են դեպի կայքի գլխավոր էջ: Սա գրաքննություն է: Ես այդ գրաքննությունը ինչ-որ տեղ կհասկանայի, եթե խոսքը լիներ Կառավարության, ԱԺ-ի կամ նախագահականի կայքերի մասին, բայց մարդու իրավունքների պաշտպանի կայքում նման բան անելը, ամենամեղմ բառերով ասած, անհասկանալի է: Մյուս կողմից՝ էսօրվա Հայաստանում ամեն ինչ էլ կարելի է սպասել: Ամեն ինչ՝ բառիս ամենաբուն իմաստով:
Բայց ՄԻՊ-ին, նրա գրասենյակին ու այս գրաքննությանը ենթադրաբար դրդած/հորդորած բոլոր անձանց պետք է մի բան հիշեցնել: 21-րդ դարում համացանցից ինչ-որ բան ջնջելը/թաքցնելը անշնորհակալ գործ է: Կա ինտերնետային արխիվ, որտեղ պահպանվում են նաեւ ջնջված էջերը, եւ «Հետքի» բոլոր էն հոդվածներում, որտեղ դրված հղումները/լինկերը ջնջվել են սկզբնաղբյուրից՝ ՄԻՊ կայքից, մեր հոդվածներում արդեն թարմացվել են ու հիմա հասանելի են արխիվային տարբերակով: Այսինքն՝ կարելի է կրկին մտնել ու տեսնել, թե ինչ է անկլավների թեմայով ասել Ա. Թաթոյանը իր պաշտոնավարման օրոք:
ՀԳ. Քանի որ մեր նյութերի մեջ օգտագործել ենք Թաթոյանի եւս մի հայտարարություն, որը հրապարակվել է «Ֆեյսբուքում», գրաքննության հեղինակներին ու կատարողներին առաջարկում եմ դա եւս ջնջել»:

