Բեզոսը մեկ օրում գրեթե 7 մլրդ դոլար է կորցրել բորսայում Amazon-ի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո
Ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսը մեկ օրում 6,9 մլրդ դոլար է կորցրել իր գլխավորած Amazon կորպորացիայի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո: Այդ մասին հոկտեմբերի 24-ին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը։
Նրա տվյալներով՝ Amazon-ի բաժնետոմսերի արժեքը միանգամից 9 տոկոսով նվազել է կորպորացիայի եռամսյա շրջանի վերաբերյալ հաշվետության հրապարակումից հետո, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին: Ներդրողներին հիասթափեցրել է այն, որ նրա օպերացիոն եկամուտները կրճատվել են մինչեւ 3,2 մլրդ դոլար՝ անցյալ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով 3,7 մլրդ դոլարի համեմատությամբ: Բացի այդ, կորպորացիայի զուտ շահույթը նվազել է մինչեւ 2,1 մլրդ դոլար այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այն կազմում էր 2,9 մլրդ դոլար:
CNBC-ն ընդգծել է, որ եթե Amazon-ի բաժնետոմսերի գնանշումները հոկտեմբերի 25-ին շարունակեն անկումը, ապա Բեզոսն «արդեն չի լինի մոլորակի ամենահարուստ մարդը», եւ ամենահարուստ գործարարների վարկանիշում նրանից առաջ կանցնի Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:
Amazon-ը խոշորագույն կորպորացիան է աշխարհում, որն ապրանքներ եւ ծառայություններ է վաճառում Համացանցի միջոցով: Բեզոսն այն հիմնել է 1994 թվականին: Նրան պատկանում է Amazon-ի 57,6 մլն բաժնետոմս:
Forbes հանդեսի՝ հոկտեմբերի սկզբին հրապարակված գնահատումների համաձայն, Բեզոսի կարողությունը հասնում էր մոտավորապես 114 մլրդ դոլարի, Գեյթսինը՝ 106 մլրդ դոլարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: