Բլոկչեյնի հեղափոխության հոսանքը հասնում է նաև Հայաստան. Հենրի Արսլանյան
Հոնկոնգի FinTech ասոցիացիայի նախագահ Հենրի Արսլանյանը կարծում է, որ Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար: Այս մասին նա ասաց ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովի մեկնարկին:
«Աշխարհի չորս կողմում այսօր բլոկչեյնի հեղափոխություն է տեղի ունենում: Այդ հոսանքը հասնում է նաև Հայաստան, որն ունի ստարտափի էկոհամակարգ, զարգացող քաղաքացիական հասարակություն, բանկային համակարգ, որին վստահում է, և աշխատասիրություն: Այս բոլոր գործոնները շատ կարևոր են բլոկչեյնի զարգացման համար»,-նշեց Արսլանյանը:
Նրա խոսքով`դա նման է ճաշ եփելուն. էական են բոլոր բաղադրիչները: «Անհրաժեշտ է ճիշտ համեմունքներ օգտագործել, որպեսզի ճաշը համեղ ստացվի: Հայաստանն այդ հեռանկարն ունի»,-շեշտեց նա:
Ասոցիացիայի նախագահն ընդգծեց, որ աշխարհի տարբեր երկրներ օրենքներ են սահմանում կապված բլոկչեյնի հետ, քանի որ ամեն ընկերություն ցանկանում է հասկանալ, թե ինչպես է հնարավոր առաջադիմել այդ տեխնոլոգիաները կիրառելով: «Մենք տեսնում ենք, որ ավանդական ֆինանսական ընկերությունները նույնպես ներխուժում են բլոկչեյնի աշխարհ:
Մեծ բանկերը սկսեցին կամաց-կամաց ոչ միայն բլոկչեյնի, այլև կրիպտոարժույթի հետ կապված փորձարկումներ անել, ինչը կարևոր է համաշխարհային կրիպտոէկոհամակարգի համար: Այդպես հին ֆինանսական ընկերությունները ոլորտում փորձ են ձեռք բերում»,-նշեց Արսլանյանը:
Անդրադառնալով բլոկչեյնի առավելություններից ճիշտ օգտվելուն`նա կարևորեց կրթության դերը, ոլորտում օրենքների մշակումը:
«Անհրաժեշտ է համարձակ լինել: Երբ առաջ եկավ համակարգիչը, մարդիկ վախեցան: Հասարակությունը հիմնականում վերապահումներով է մոտենում նորագույն տեխնոլոգիաներին, և դա բնական է, բայց պետք է չվախենալ ու հասկանալ, թե ինչպես է հնարավոր նորարարությունները գործածել ոչ միայն ֆինանսական աշխարհում, այլև ամենօրյա կյանքում»,-եզրափակեց Հենրի Արսլանյանը: