«Երևի անգամ Նիկոլ Փաշինյանի նման հանճարեղ սուտասանը ստեղծված իրավիճակում այլ բան ասել չի կարող». Արմեն Աշոտյան

Երբ հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ արձագանքեցին «Հայելի» մամուլի ակումբի դեմ կատարված ոտնձգությանը՝ այն անվանելով ոտնձգություն մամուլի և ժողովրդավարության դեմ, շատերն անդրադարձան նաև վարչապետի լռությանը՝ նկատելով, որ նա որպես նախկին լրագրող՝ որևէ կերպ պետք է արձագանքեր կատարվածին:

168.am-ը ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել էր՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն արձագանքելո՞ւ է միջադեպին:

«Արձագանքել է այն առումով, որ իրավապահ կառույցներն անմիջապես գործողություններ են ձեռնարկել, դատախազությունը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ոստիկանությունն էլ նյութեր է նախապատրաստում: Այսինքն՝ դա պետական կառույցների արձագանքն է»,- ասել էր վարչապետի խոսնակը:

Մեզ հետ զրույցում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանելով Վլադիմիր Կարապետյանի արձագանքը՝ ասաց, որ այդ հայտարարությունը զավեշտալի է մի քանի պատճառներով:

«Մի՞թե նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն իր մեջ ուժ չի գտնում հրապարակավ քննադատել խոսքի ու մամուլի ազատության նկատմամբ իր կողմնակիցների նման աղաղակող ու լպիրշ ոտնձգությունները: Մի՞թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մեջ քաղաքական կամք չի գտնում՝ դատապարտելու երկրում իր իսկ մեղքով ծաղկող անհանդուրժողականության աղաղակող ծավալները»,- տարակուսեց Արմեն Աշոտյանը:

Վերջինս կարծում է, որ փաստացի վարչապետի մամլո խոսնակը, իրավապահ մարմինների, տվյալ դեպքում՝ ոստիկանության, դատախազության աշխատանքը վերագրելով Նիկոլ Փաշինյանի արձագանքին, խոստովանեց, որ իրավապահ համակարգը առնվազն նման քաղաքական դեպքերում հետևում է Նիկոլ  Փաշինյանի հրահանգներին, և ոչ միայն՝ այս գործով:

«Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին փաստացի վերագրելով իրավապահ համակարգի կողմից վերջիններիս՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարումը, մեզ փորձում են որպես լավություն վաճառել այն, ինչ պետք է լիներ ինքնըստինքյան: Ավելին ասեմ. վարչապետի հայտարարությունը պետք է անմիջապես հաջորդեր այս գարշելի ու ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող իրադարձությանը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Նա նկատեց, որ ըստ էության կարող ենք արձանագրել, որ այս դեպքով ևս գործ ունենք գրպանային իրավապահ համակարգի հետ, որի գործունեությունը, օրենքով սահմանված պարտավորությունների կատարումը նույնպես վերագրվում է Նիկոլ Փաշինյանի արձագանքին:

«Երևի անգամ Նիկոլ Փաշինյանի նման հանճարեղ սուտասանը ստեղծված իրավիճակում այլ բան ասել չի կարող»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը 4 երիտասարդ ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռների, պատերի վրա ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է՝ որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Ակցիայի պատճառը, նրանց խոսքով՝ Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս