Բաժիններ՝

«Դժգոհություն կա՞». Մարությանը՝ «Բարեկամության» մետրոյի աստիճանների վրա կառուցված կրպակների ապամոնտաժման մասին

«Դժգոհություն կա՞, ես միայն ուրախություն եմ տեսել: Եթե կա ապօրինի կրպակ, ապա այն պետք է ապամոնտաժվի: Եթե Երևանում ապրում է 1 միլիոն մարդ, բայց մեկ հոգի որոշել է Մաշտոցի պողոտայի մեջտեղը կրպակ դնել և ինչ-որ բան վաճառել, քանի որ իրեն հարմար է և շահույթ կստանա, ապա 1 միլիոն մարդու դա խանգարում է: Եվ երբ դա ապամոնտաժվում է, իհարկե, համայնքը կփորձի մաքսիմալ օգնել տվյալ քաղաքացուն, նրա իրավունքները չեն խախտվի, բայց օրենքը պետք է վերականգնվի: «Բարեկամության» մետրոյի աստիճանների վրա կառուցված կրպակների ապամոնտաժումը միայն և միայն քաղաքացիների գոհունակությունը և ուրախությունն է հարուցել, որովհետև վերջապես մետրոյի մուտքն իր նպատակին է ծառայում, իսկ կողքին սայլակների համար նախատեսված տեղ է, որը վերականգնվում է»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքացիների հնչեցրած բողոքներին՝ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին։ «Բարեկամության գետնանցման մուտքն է։ Աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին, այդ թվում՝ մետրոյի տարհանման նորմերին։ Ապամոնտաժելուց հետո տարածքը կբարեկարգվի»,- գրել էր նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս