«Ով է ասում, որ Թորոսյանի նշանակած հիվանդանոցների բժիշկները պետք է միլիոններով աշխատավարձ ու պարգևավճարներ ստանան, իսկ վիրաբույժն ու բժիշկը՝ կոպեկներ». Գրիգորյան
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն անդրադարձել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում տեղի ունեցած միջադեպին և ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ-ում գրանցված ընտրողների ցանկում որոնել և չի գտել այդ անձին, ով, ըստ Առողջապահության նախարարի հրապարակած գրության, 400.000 դրամ է պահանջել բժշկից։
«Հայաստանում, ընտրողների ցանկում գոյություն չունի Հռիփսիմե Խուդաղուլյան անուն-ազգանունով մարդ»,- գրել է Գրիգորյանը։
168.am-ի հետ զրույցում՝ Գրիգորյանը նշեց, որ իր կասկածները դեռ չեն փարատվել, իսկ նախարարությունից իր գրառմանը, չի կարծում, որ լինի արձագանք, քանի որ՝ «նախարարությունից գրեթե որևէ բանի մարդավարի արձագանք չի լինում»։
«Առողջապահության ոլորտում ես տեսնում եմ սխալ մարտավարություն և քաղաքականություն, կոռուպցիոն ռիսկեր, դա բարձրաձայնում եմ, որ շտկվի, իսկ եթե դա պետք է բերի նրան, որ Առողջապահության նախարարը տանի անձնական դաշտ, ես խնդիր չեմ տեսնում»,- ասաց Գրիգորյանը։
Խոսելով կոռուպցիոն ռիսկերի մասին՝ Գրիգորյանը՝ նշեց, որ քանի դեռ ուռուցքաբանության վիրահատության գներն այդպես ծիծաղելի թվերով են հաշվարկվում, այդ 400 000-ների պատմությունները լինելու են.
«Այդ վիրահատությունները շատ թանկարժեք են, իսկ մենք, արդեն տևական ժամանակ է՝ գործ ունենք սխալ դրված մեխանիզմի հետ, որի առաջին ծիծեռնակները տեսնում ենք, իսկ իրեն հարգող վիրաբույժը կամ բժիշկը, չեմ կարծում, որ կհամաձայնի՝ կոպեկներով իր գիտելիքները վաճառի։ Ո՞վ է ասում, որ հիվանդանոցների բժիշկները պետք է միլիոններով աշխատավարձ ու պարգևավճարներ ստանան, իսկ վիրաբույժն ու բժիշկը՝ կոպեկներ»,- ասաց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահը։
«Արսեն Թորոսյանի նշանակումից հետո կարող եք նայել, թե, օրինակ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կամ այլ կենտրոնների տնօրեններն ինչ աշխատավարձ են ստանում, դրանք բոլորն իր նշանակած մարդիկ են։ Նրա նշանակած բոլոր մարդիկ ինչ-որ խնդիրներ են անընդհատ առաջացնում. չկա մի նշանակված կադր, որ կոռուպցիոն սկանդալի հետ մեջ խառնված չլինի, կամ ինչ-որ մեկի վրա ձեռք բարձրացրած չլինի, կամ անվանի բժշկի չհանի։ Մենք խնդիր ունենք կադրային քաղաքականության, կոռուպցիայի և այլ բազմաթիվ բաների հետ։ Տպավորություն է, որ Արսեն Թորոսյանը չի սիրում կայացած բժիշկներին, արդեն որերորդ կայացած մասնագետն է, որը դուրս է գալիս, իսկ երբեմն էլ կայացած բժիշկներին առաջարկվում է բանվորի հաստիք»,- խոսքը եզրափակեց Գրիգորյանը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ