Բաժիններ՝

Գազի գնի 30 տոկոս բարձրացման դեպքում ռուսական գազը կկորցնի իր մրցակցային առավելությունն իրանականի նկատմամբ

Երեկ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ընդառաջ՝ լուրեր շրջանառվեցին, թե հնարավոր է՝ գազի գինը 30 տոկոսով բարձրանա, ինչն ավելի ուշ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքեց՝ միաժամանակ հստակ պատասխան չտալով գազի թանկացմանը վերաբերող հարցին:

«168 Ժամի» հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ տեղեկատվական արտահոսքի հիմնական նպատակն իրավիճակի հետ կապված՝ իշխանությունների և հասարակության վերաբերմունքը ստուգելն էր:

«Երկրորդ՝ հայկական կողմին փորձ է արվում պարտադրել, որ նա գնա բանակցությունների սեփական առաջարկներով: Այսինքն՝ որ հայկական կողմը սկսի բանակցել գազի հնարավոր գնի բարձրացման դեմ և առաջարկություններ ներկայացնի այս ուղղությամբ: Այսինքն՝ եթե չենք բարձրացնում, դուք ի՞նչ եք առաջարկում, և այստեղ շատ մեծ անելիք ուներ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), որը պետք է այս կես տարվա ընթացքում առաջարկությունների փաթեթ մշակեր, ցույց տար այն գերծախսերը, կորուստները, որոնք կփոխհատուցվեն հնարավոր բարձրացման դեպքում, սակայն  առ այսօր տեսանելի արդյունք չունենք այս ուղղությամբ:

Այսինքն՝ ՀԾԿՀ-ն իր տնային  աշխատանքն առ այսօր չի կատարել: Եվ հիմա ունենք մի իրավիճակ, որ խոսվում է 30 տոկոս բարձրացման մասին, նշեմ, որ գազի գնի 30 տոկոս թանկացման դեպքում մեր գազի գինը կկազմի 215 դոլար, և այս դեպքում ռուսական գազը կկորցնի իր մրցակցային առավելությունն իրանական գազի նկատմամբ: Ըստ այդմ՝ կարծում եմ, որ  գազի գնի 30 տոկոս բարձրացում տեղի չի ունենա, իսկ հայկական կողմն այս իրավիճակից կօգտվի, որ կլինի ոչ թե՝ 30, այլ՝ 15-20 տոկոս բարձրացում, ինչն իշխանությունները հասարակությանը կներկայացնեն՝ որպես առավելություն, թե տեսեք՝ ուզում էին 30 տոկոս բարձրացնել, բայց կարողացանք հասնել 15-20 տոկոս բարձրացման:

Նոր սակագնի հնարավոր հաշվարկում ներառվելու է 2019-ի հունվարի 1-ից 15 դոլարի բարձրացումը, նոր բարձրացումը, դրան գումարած՝ այս տարվա ընթացքում կուտակված 30 միլիոն դոլարի պարտքը, որը տեղի է ունեցել հունվարի 1-ից գազի թանկացման արդյունքում»,- մանրամասնեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ այսօր ունենք իրավիճակ, երբ ռուսական կողմը պատրաստվում է կամ ցանկանում է գազի գինը  բարձրացնել, հայկական կողմը պետք է փորձի դրանից դուրս գալ՝ ցույց տալով, որ Հայաստանի զարգացումը կարևոր է նաև Ռուսաստանի համար: Այսինքն՝ պետք է կարողանալ հետաքրքիր ներդրումային ծրագրեր և գաղափարներ առաջարկել:

«Եթե մենք համաձայնենք գազի բարձր գնին, ապա ռուսական կողմը պետք է պարտավորվի մարել 30 միլիոն դոլարի պարտքը և ներդրումներ կատարի գազամատակարարման համակարգում՝ նվազեցնելու  կորուստները, կրճատելու  ծախսերը երկարաժամկետ կտրվածքում: Մենք պետք է օգտվենք այս իրավիճակից և ռուսական կողմին ցույց տանք՝ եթե տուժի ՀՀ-ի տնտեսությունը, տուժելու են նաև տարածաշրջանում ռուսական շահերը»,- շեշտեց Պարսյանը:

Արդյո՞ք այսօր գազի գնի թեման թիրախային կլինի, երբ ՀՀ-ում են Իրանի, ՌԴ-ի նախագահները, տնտեսագետն ասաց, որ հնարավոր է, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն այս ուղղությամբ հանդիպումներ ունենալու, բայց այս օրերին խնդիրը օրակարգային քննարկման թեմա չի լինի:

«Չեմ կարծում, որ հարցը կքննարկվի, քանի որ բավականին հագեցած է օրակարգը: Օրինակ՝ Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի կիրարկման գործընթացի հարց կա, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին պետք է խոսվի, սրանք բավականին լուրջ հարցեր են: Գուցե պայմանավորվածություններ լինեն գազի գնի շուրջ հանդիպումներ ունենալու: Պետք է փաստենք՝ այս ինը ամիսների ընթացքում ՀՀ-ն տեսանելի արդյունք չի արձանագրել, չունի նախնական սխեմաներ, պայմանավորվածություններ գազի գնի ձևավորման շուրջ: Այլ հավասար պայմաններում ռուսական կողմը կարող է հունվարի 1-ից մի կողմից որոշված գնով գազ մատակարարել ՀՀ-ին, այն պայմանագիրը, որն ունենք, դա թույլ է տալիս ռուսական կողմին: Նման բան  բացառելու համար  մենք պետք է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունենանք գազի պայմանագիր, թե հունվարի 1-ից որքան է լինելու սահմանի վրա գազի գինը»,- ընդգծեց  տնտեսագետը:

Սուրեն Պարսյանն  այս համատեքստում նկատեց, որ գազի գնի բարձրացման դեպքում բարձրանալու է ՀՀ տարածքում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքը, ինչն իր լուրջ ազդեցությունը կթողնի երկրի տնտեսության վրա:

«Ապրանքների թանկացումը սոցիալական որոշակի խնդիրներ կսրի: Բացի դրանից, մեր ապրանք արտադրողները կդառնան պակաս մրցունակ ԵԱՏՄ շուկայում, քանի որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում վառելիքի, մասնավորապես՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի գինն ավելի ցածր կլինի, քան ՀՀ-ում: Բնական գազի գնի հնարավոր բարձրացումը կհանգեցնի ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացման, որը շղթայական ազդեցություն կթողնի տնտեսության վրա, կառաջացնի սոցիալական խնդիրներ: Եվ  այս դեպքում կառավարությունը որոշ մեղմացումների կգնա, հատկապես՝ սոցիալական խոցելի խմբերի համար: Եթե դա չանի, ապա հնարավոր է՝ սոցիալական խռովություններ, բունտեր լինեն»:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս