Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:է.
«Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս նշանավոր հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության և հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները:
Մենք Հայաստանում ուրախությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական առաջընթացին, նորարարական ոլորտի զարգացմանը և մշակութային վերելքին:
Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը: Տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ընդլայնումը և միջազգային ասպարեզում ակտիվ գործակցությունը բխում են մեր երկու երկրների և ժողովուրդների կենսական շահերից: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ հիմք կծառայեն հայ-չինական բարեկամությունն ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:
Պատրաստակամ եմ Ձեզ հետ համատեղ առավելագույն ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար»:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և Չինաստանի կառավարությանն իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Չինաստանը ժամանել է իր պատմության այս նշանակալի հանգրվանին՝ բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրելով պետության և հասարակության կառուցման, տնտեսական առաջընթացի, նորարարությունների և մշակութային զարգացման ոլորտներում:
Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը:
Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ առաջ կմղեն հայ-չինական բարեկամության և համագործակցության օրակարգը»: