Բաժիններ՝

«Ես կորցնելու էլ ոչ մի բան չունեմ, գնալու եմ ինձ գցեմ Կիևյանից»

Այսօր «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները իրենց բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանից տեղափոխել էին Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իջնել և անձամբ իրենց հարցին լուծում տալ։

«Մենք ողորմություն չենք ուզում, մենք մեր դառը քրտինքով աշխատածն ենք ուզում։ Մեզ ոչ միայն մեր օգոստոս ամսվա աշխատավարձը չեն տալիս, այլ նաև զրկում են առհասարակ աշխատանքից»,- ասում էր աշխատակիցներից մեկը։

«ՍանիՏեքի» աշխատակիցներից մեկն էլ սպառնում էր, որ, եթե խնդիրը չլուծվի՝ կամրջից կնետվի։

«Ես կորցնելու էլ ոչ մի բան չունեմ, գնալու եմ ինձգքցեմ Կիևյանից»,- ասում էր նա։ Ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկեցին։ Կառավարությունից իջավ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնականը, որը «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանին և ընկերության մի քանի աշխատակիցների հրավիրեց Կառավարության շենք՝  խնդիրն ավելի  հանգիստ պայմաններում քննարկելու։ Քննարկման ավարտից հետո Սոնա Աղեկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հույս ունի՝ խնդիրը մինչև եկող շաբաթվա վերջ կլուծվի։

«Խնդրի կարգավորման երեք տարբերակ ենք քննարկել։ Քանի որ Քաղաքապետարանն ասել է, որ չի վստահում «ՍանիՏեքին», իրենց կարծիքը ես չեմ կիսում, բայց 3 տարբերակ ենք մտածել՝ այս պայմաններում խնդիրը լուծելու։ Տարբերակները չեմ կարող ասել, բայց Կառավարությունը կբանակցի Երևանի քաղաքապետարանի հետ, մեր «Այլընտրանքային քաղաքապետարանն» էլ կբանակցի «ՍանիՏեքի» հետ, միջնորդներ կհանդիսանանք, որ քաղաքացիների խնդիրը լուծենք»,- կառավարության անդամների հետ հանդիպումից հետո ասել է «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս