«Այդ բանաձևը երբեք հնարավոր չէ կյանքի կոչել». Սէֆիլյանը՝ Արցախի հարցի լուծման վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Արցախի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։
Ըստ վարչապետի, նման հայտարարությունն արվել է՝ բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար, և Հայաստանը, ըստ էության, արել է առաջին քայլը՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև ադրբեջանական կողմից, սակայն մինչև օրս պատասխան հայտարարություն չի եղել։
168.am-ը այսօր «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կիսում է վարչապետի այս տեսակետը, և արդյո՞ք տեսանելի է հարցի լուծման այնպիսի տարբերակ, որը կարող է ընդունելի լինել երեք ժողովուրդների համար։
«Չեմ կիսում այդ տեսակետը, միևնույն ժամանակ՝ չենք դատափետում, պարոն Փաշինյանի կողմից նշված այդ բանաձևումը գնահատում ենք դիվանագիտական խուսանավման ինչ-որ ձևակերպում՝ շատ լավ հասկանալով, որ այդ բանաձևը երբեք հնարավոր չէ կյանքի կոչել»,- ասաց Ժ. Սէֆիլյանը։
Ինչ վերաբերում է Արցախի հարցի լուծման հետ կապված իրենց քաղաքական ուժի տեսակետին, ապա դրա մասին արդեն բարձրաձայնել են և կրկին կոչ են անում իշխանություններին հրաժարվել «Մադրիդյան սկզբունքներից» և ավելի ակտիվ ու հաճախ երկխոսության մեջ մտնել հակառակորդի հետ։
«Կարծում եմ՝ մենք կարիք չունենք հակառակորդի հետ հանդիպելու որևէ միջնորդության։ Օրինակ՝ շատ կուզեի, որ այդ բարձր ամբիոնից պարոն Փաշինյանը 800 հեկտարի դավադիր ու պայմանավորված պատերազմին անդրադառնար, նաև՝ աշխարհին հասկացներ, որ որևէ բանակցություն հնարավոր չէ, մինչև չվերադառնանք նախկին դիրքերին»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան