«ՀՀ վարչապետը և նախագահը պետք է արագ խմբագրեն Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը». Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ անընդունելի և անթույլատրելի է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը փաստացի գտնվում է  պատերազմի մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ Արմեն Գրիգորյանն անդրադառնալով Գլխավոր գերագույն հրամանատարի հարցին, ասել էր.

«Քննարկվում է, թե արդյո՞ք գլխավոր գերագույն հրամանատար է վարչապետը, գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, թե կա՞ գերագույն հրամանատար, թե՞ ոչ։ Հասկանում եմ, որ Սահմանադրությունը շատ կարևոր է, բայց այն ֆիքսել է մի բան, որն իրականության հետ որոշակի խնդիրներ ունի։ Փաստացի Հայաստանը գտնվելով պատերազմի մեջ, Սահմանադրություն փոփոխողները կամ փոփոխողը, մեկ անձ է դա եղել, և մեկ անձի համար էր Սահմանադրություն գրվում, և ես լինելով նաև այդ Սահմանադրությանը դեմ, նաև դեմ եմ եղել այդ կետին։ Հարց է առաջանում, այսօր Հայաստանը պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ, եթե պատասխանը այո է, դե ֆակտո մենք պատերազմի մեջ ենք, ապա Սահմանադրությունն ինձ համար որոշակի չափով պատասխանում է հարցին»։

«Հայտարարում եմ, որ Արմեն Գրիգորյանն անմեղսունակ է։ Ըստ էության, այժմ նա ռեալ հնարավորություն է տալիս Ադրբեջանին։ Եթե այսօր Ադրբեջանը փաստացի ռազմական գործողություններ սկսի Հայաստանի ու Արցախի դեմ, ապա դրա իրավունքը ստացել է։ Անվտանգության խորհրդի քարտուղարը, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, իհարկե, մենք գիտենք, որ նա անմեղսունակ է, բայց ադրբեջանցիները չգիտեն, հայտարարեց, որ Հայաստանը փաստացի գտնվում է  պատերազմի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Ըստ նրա, միայն այս հայտարարությունը բավական է, որպեսզի Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ և այն ցույց տալով ամբողջ աշխարհին՝ հայտարարի, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը նման բան է  ասել, ու դրանով արդարանա։

«Ստացվում է, որ Հայաստանն է պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Կարելի է տգետ լինել, բայց այդքա՞ն։ Այն մոլուցքը, որ իրենք ուզում են իրենց կուռքին՝ Նիկոլ Փաշինյանին հռչակել Գերագույն գլխավոր հրամանատար՝ պատրաստ են ամեն ինչի, ընդհուպ՝ նման հայատարարություններ անել։ Ես ՀՀ վարչապետից և նախագահից, իհարկե, գոյություն չունեցող նախագահից, պահանջում եմ արագ խմբագրել Անվտանգության խորհրդի քարտուղարի ասածը»,- շեշտեց Գ. Իսագուլյանը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչպես բարձրաստիճան պաշտոնյան կարող է նման հայտարարություն անել, քանի որ դա նույնն է, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը ասի, թե Ռուսաստանը փաստացի պատերազմի մեջ է գտնվում  ինչ-որ պետության հետ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս