«Դա համապատասխանում է իրականությանը». ԱԽ քարտուղարը՝ Վանեցյանի ուսադիրներն աղբաման նետելու մասին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Լույս» հիմնադրամի կողմից ՀՀ անվտանգության նոր ռազմավարության փաստաթղթի նախագծի մշակման հարցում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությանը՝ նշեց, որ իրենց գրասենյակն ընդունել էր հիմնադրամի առաջարկը, սակայն վերջիններս հրաժարվել են ցուցաբերել աջակցություն։
«Գործերն առաջ են գնում, այնպես չէ, որ առանց իրենց չենք կարողանալու ստանալ շատ լավ փաստաթուղթ»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականին, Արմեն Գրիգորյանը նշեց, որ նշանակովի պաշտոններում հրաժարականներ չի լինում, այլ լինում է միայն ազատման դիմում։ Ուստի հրաժարականը կարելի է դիտարկել այս տրամաբանության շրջանակներում։
«Բնականաբար, Վանեցյանը հեռացել է վարչապետի որոշմամբ, նա է այդ պաշտոններում նշանակումներ ու ազատումներ կատարում։ Վարչապետը հնարավորինս բաց խոսել է, թե ինչու է Վանեցյանը լքում պաշտոնը, նրա աշխատանքից գոհ չի եղել և որոշում է կայացրել, որն ամբողջովին գտնվում է վարչապետի լիազորությունների տիրույթում»,- շեշտեց նա։
Խոսելով Լոս Անջելեսում վարչապետի այն հայտարարությունից, որ դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն՝ Վանեցյանը հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, ինչը նշանակում է՝ ուսադիրները գցել աղբամանը, Արմեն Գրիգորյանը նկատեց, որ այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։
«Քննարկվում են, թե արդյո՞ք գլխավոր գերագույն հրամանատար է վարչապետը, գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, թե կա՞ գերագույն հրամանատար, թե՞ ոչ։ Հասկանում եմ, որ Սահմանադրությունը շատ կարևոր է, բայց այն ֆիքսել է մի բան, որն իրականության հետ որոշակի խնդիրներ ունի։ Հարց է առաջանում, այսօր Հայաստանը պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ, եթե փաստացի պատերազմի մեջ է, ապա Սահմանադրությունն ինձ համար որոշակի չափով պատասխանում է հարցին»,- շեշտեց նա։
Զվարթ Խաչատրյան