Բաժիններ՝

Արմավիան «դեղին» մամուլին չի պատասխանում

Օրեր առաջ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը հայտարարել էր, որ ընկերությունը սպասում է հայկական «Արմավիա» ավիափոխադրողի հետագա գործողություններին` վերանորոգման կանգնած «Sukhoi Superjet-100»-ից հրաժարվելու հետ կապված:

Ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Մուրավյովը նշել էր, որ եթե իրավիճակը փակուղի մտնի, ապա իրենք հայկական ընկերության դեմ հայց կներկայացնեն դատարան:

Դեռևս շաբաթ օրն «Արմավիա» ընկերությունից մեզ տեղեկացրել էին, որ մեր հարցերի մեկնաբանումը կտրվի երկուշաբթի օրը, սակայն այսօր 168.am-ի հետ զրույցում՝ մեր հարցին՝ ինչպե՞ս եք մեկնաբանում «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության արած այն հայտարարությանը, որ եթե խնդիրը չլուծվի, ապա ընկերության դեմ դատական հայց կներկայացնեն, և ի՞նչ միջոցառումներ է իրականացնում «Արմավիան» այդ խնդրի կարգավորման ուղղությամբ, «Արմավիա» ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան մեզ պատասխանեց. «Ուրեմն՝ քանի որ ռուսաստանյան դեղին մամուլն է նման տեղեկատվություն տարածել, որ ռուսական կողմը կարող է դատական հայց ներկայացնել ընդդեմ «Արմավիա» ընկերության, մեր ընկերությունը որևէ պաշտոնական հաղորդագրություն չի անում, քանի որ դեռևս բանակցությունները երկու ընկերությունների միջև շարունակվում են: Երբ դրանք կավարտվեն, մենք վերջնական արդյունքի մասին պաշտոնապես կհայտարարենք»:

Մեր այն հարցին, թե որքանո՞վ է հավաստի այն տեղեկությունը, որ «Արմավիա» ընկերությունը «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությանը 4 միլիոն դոլար գումար է պարտք, Ն. Ավետիսովան պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող մեկնաբանել, մինչև բանակցությունները չավարտվեն: Հենց ավարտվեցին, բոլորին պաշտոնապես կասենք այդ մասին»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս