Հայկական հարցը հարստացել է նոր բովանդակությամբ. Արամ Անանյանը ելույթ է ունեցել Իտալիայում
Հայկական հարցը հարստացել է նոր բովանդակությամբ. այն պետք է առաջ մղվի «այլև երբեք» բովանդակությամբ՝ անթույլատրելի համարելով աշխարհի որևէ ծայրում մարդկության դեմ հանցագործությունները: Այս մասին նշել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը՝ Իտալիայի Բենևենտո քաղաքում կայացած «Ստեղծագործ միտք» փառատոնի և «Մարզանի» լրագրության և գրականության միջազգային մրցանակաբաշխության շրջանակում կայացած քննարկման ընթացքում:
Քննարկմանը, որը կրել է «Փխրուն խաղաղությունը Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում. Իտալիան և Եվրամիությունը՝ հակամարտությունների գոտիներում հավասարակշռության փնտրտուքի մեջ» խորագիրը, սեպտեմբերի 14-ին և 15-ին մասնակցել են Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Լիբանանի դեսպան Միրա Դահերը, Լիբանանի ազգային լրատվական գործակալության տնօրեն Լաուրա Սուլեյմանը, Բեյրութում լույս տեսնող հայկական «Զարթոնք»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, Եվրո-միջերկրական համագործակցության խորհրդի նախագահ Վինսենզո Պարզիալեն, այլք:
Արամ Անանյանի խոսքով՝ հայ ժողովրդի պատմության մեջ վերջին հարյուր տարվա ընթացքում պատերազմը վերացական երևույթ չէ. այն յուրաքանչյուրի կենսագրության մի մասն է: «Առաջին աշխարհամարտը մեզ համար Հայոց ցեղասպանության վերապրումն էր: Երկրորդ աշխարհամարտը հայ ժողովուրդը համարում է իր պատերազմը, քանի որ չի վերադարձել ռազմաճակատ մեկնած հայերի կեսից ավելին, իսկ Արցախի հերոսամարտը մեր ժողովրդի ազատության համար պայքարի նշանավորումն էր: Խաղաղության խորհուրդը կարող են հասկանալ այն ժողովուրդները, որոնք խորապես ընկալում են պատերազմի սարսափը»,-նշել է Անանյանը:
Նա խորհրդանշական է համարել այն փաստը, որ իտալական այդ քաղաքի հրապարակից մի քանի հարյուր կիլոմետրի վրա է գտնվում Բարի քաղաքը, որը դարձել է Հայոց ցեղասպանության հարյուրավոր վերապրողների ապաստանը: «Այս բեմի վրա են լիբանանցի իմ գործընկերները, որոնք ներկայացնում են մի երկիր, որը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների համար դարձավ երկրորդ հայրենիք: «Արմենպրես»-ը և ես արժանանում ենք մրցանակի Հայոց ցեղասպանության, հայկական հարցի լուսաբանման և մարդասիրության խնդիրներին անդրադառնալու համար: Իմ համեստ կարծիքով՝ Հայկական հարցը հարստացել է նոր բովանդակությամբ. այդ բովանդակությունն աշխարհի որևէ ծայրում մարդկության դեմ հանցագործությունների անթույլատրելիության ընկալումը պետք է լինի»,-ընդգծել է «Արմենպրես»-ի տնօրենը:
Նա ստացել է «Մարզանի» լրագրության և գրականության միջազգային մրցանակը և շնորհակալություն հայտնել ինչպես մրցանակաբաշխության կազմկոմիտեին, այնպես էլ «Արմենպրես»-ի թիմին: «Մեր հանձնառությունը՝ ուղղված մարդասիրությանը և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, շարունակվելու է»,-հավաստիացրեց Անանյանը:
Մրցանակակիրները մոտ 2,5 տասնյակն են՝ քաղաքական գործիչներ, լրագրողներ, Երաժշտության, կինոարվեստի, գիտության ներկայացուցիչներ: Նրանցից միայն երեքն են ներկայացնում այլ երկրներ՝ Արամ Անանյանը, Սևակ Հակոբյանը և Լաուրա Սուլեյմանը, իսկ մյուսները իտալացիներ են:
«Զարթոնք»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշել է, որ լրատվամիջոցները շատ հաճախ մարդկության նորագույն պատմության մեջ օգտագործվել են պատերազմ հրահրելու և ատելություն սերմանելու նպատակով: «Անհրաժեշտ է այդ մշակույթից դուրս տալ և լրատվական միջոցները ծառայեցնել ճիշտ հակառակ նպատակներին»,-նկատել է Հակոբյանը:
Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ նա ընդգծել է, որ չի ցանկանում հայ ժողովուրդը ներկայացվի միայն որպես ցեղասպանության զոհ: «Ես այդ ուղերձը հղում եմ նաև ներկաներին: Հայ ժողովուրդն արժանիքներ ունի, որոնք անհրաժեշտ է հիշել՝ ցեղասպանվածի ու զոհրի կերպարից առաջ՝ մենք քրիստոնյա ենք Վատիկանից առաջ, մեր թագավորները շատ հաճախ դաշնակցել են եվրոպացի ղեկավարների հետ՝ նվաճումներ իրականացնելիս: Մեր կանայք եվրոպական շատ երկրներից առաջ են ստացել քվեարկելու իրավունք»,-ներկաների ուշադրությունն է հրավիրել Հակոբյանը:
Միջոցառման մասնակիցներին ուղերձ է հղել Եվրախորհրդարանի փոխնախագահ Մասսիմո Կաստալդոն՝ ողջունելով նման քննարկումների նախաձեռնությունը: «Եվրոպան հետաքրքրված է այսպիսի նախաձեռնություններով, որոնք ընկած են երկխոսության և հաղորդակցության հիմքում» ,-նշել է Կաստալդոն՝ հանդիպումը համարելով «արժեքավոր ձեռնարկ»:
Արդեն 12 տարի Եվրո-միջերկրական համագործակցության խորհուրդը Իտալիայի Բենևենտո քաղաքում կազմակերպում է «Ստեղծագործ միտք» փառատոնը՝ շնորհելու «Մարզանի» լրագրության և գրականության միջազգային մրցանակը և գնահատելու աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող, ստեղծագործ մտքի տեր անձանց, որոնց գործը համամարդկային արժեք ունի և իրենց աշխատանքը նվիրել են մարդկանց ճշմարիտը ներկայացնելուն: Միջոցառումը կազմակերպվում է Իտալիայի Պատգամավորների պալատի, Սենատի և Արտաքին գործերի նախարարության հովանու ներքո: Փառատոնին մասնակցում են պետական, քաղաքական և հասարակական գործիչներ՝ ինչպես Իտալիայից, այնպես էլ եվրոպական տարբեր երկրներից, ներկա կլինի Իտալիայի Եվրոպական հարցերի նախարարը: