«Ցանկալի կլիներ, որ ՀԱԿ-ը թեկնածու ունենար, թե՛ Գյումրիի, թե՛ ՏԻՄ մյուս բոլոր ընտրություններում»

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածուի առաջադրման հարցը առաջին հերթին կախված էր Գյումրիի ՀԱԿ տարածքային շտաբից: Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ՀԱԿ տեղական կառույցում է այդպիսի որոշում կայացվել, որ թեկնածու չառաջադրվի:

«ՀԱԿ-ն այս հարցում իմպերատիվ որոշումներ չի կայացրել և շատ բան որոշել են տեղական կառույցները: Իհարկե, ցանկալի կլիներ, որ ՀԱԿ-ը թեկնածու ունենար, թե՛ Գյումրիի, թե՛ ՏԻՄ մյուս բոլոր ընտրություններում, բայց պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ և իրողություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ թեև ՀԱԿ-ը թեկնածու չի առաջադրել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, սակայն իր թեկնածուներն ունի մի քանի գյուղապետերի ու ավագանու անդամների ընտրություններում: Այն դիտարկմանը, թե քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը, ՏԻՄ ընտրություններում քիչ թվով թեկնածուներ առաջադրելով, իր թուլությունը ցույց տվեց, իսկ ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը վերոնշյալ հանգամանքը պատճառաբանել էր ֆինանսական խնդիրներով, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ցանկացած կարծիք գոյություն ունենալու իրավունք ունի: Մենք պետք է ուշադիր վերլուծենք ցանկացած կարծիք ու ցանկացած իրողություն և դրանցից անենք համապատասխան վերլուծություն»:

Իսկ ՏԻՄ ընտրություններում քիչ թվով առաջադրված ՀԱԿ թեկնածուների ընտրվելու հնարավորությունները Նիկոլ Փաշինյանը դժվարացել է գնահատել, սակայն նշել է, ՏԻՄ ընտրությունները Հայաստանում ամենաապաքաղաքական ընտրություններն են և այդ իրողությունները պետք է հաշվի առնել:

Կարդացեք նաև

«Տեղեր կան, որ կընտրվեն, տեղեր կան, որ չեն ընտրվի, որևէ գնահատական տալ չեմ կարող: Շատ է խոսվում այն մասին, որ գյուղապետերի ընտրություններում տոհմական գործոնը շատ մեծ դեր է խաղում: Իհարկե, քաղաքական գործոնը ևս մեծ նշանակություն ունի: Բայց, ընդհանուր առմամբ, ամենակարևոր պրոբլեմը, որը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, այն է, որ Հայաստանում նորմալ, օրինական ընտրությունների պրակտիկա չկա: Երբ որ մենք ասում ենք ընտրություններ, առայժմ մենք պետք է հասկանանք , որ նկատի ունենք փսևդոընտրություններ»,- ասել է ՀԱԿ անդամը:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ առանձին գյուղերում չեն կարող լինել ժողովրդավարություն կամ ազատ ընտրություններ, քանի որ ազատ ընտրություն նշանակում է քաղաքացիների ազատ կամարտահայտում, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կամ չկա, կամ էլ՝ խիստ սահմանափակ է:

Տեսանյութեր

Լրահոս